Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 9-րդ նիստը
Բրյուսելում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների իններորդ լիագումար նիստը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը:
Եվրոպական կողմից բանակցությունները վարել է ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ մինչ օրս բանակցությունների արդյունքում ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցությանն առնչվող 24 գլուխներ:
Բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի հիմնական նպատակների և սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության և արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Լիագումար նիստին հաջորդել է Ասոցացման համաձայնագրի խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու /ԽՀԱԱԳ/ շուրջ բանակցությունների նախապատրաստական հանդիպումը: Հայկական կողմից ԽՀԱԱԳ բանակցությունները վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Նախատեսվում է, որ ԽՀԱԱԳ շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին Երևանում:









