Ֆոտոցուցահանդես` նվիրված մամուլի և տեղեկատվության ազատության թեմային

17:02 • 03.05.12

«Հայաստանի նկարիչների միությունում» այսօր բացվեց «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես, որին ներկայացված էին 300-ից ավելի լուսանկարներ և ծաղրանկարներ՝ 60-ից ավելի հեղինակների կողմից, ովքեր ոչ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչներն էին, այլև լրագրողներ, քաղաքացիներ, ուսանողներ:
Ժյուրին՝ ցուցահանդեսին ներկայացնելու նպատակով ընտրել էր, ընդամենը, 50 լուսանկար և 20 ծաղրանկար: Իսկ թեման՝ մամուլի և տեղեկատվության ազատությունն էր։


Ողջույնի խոսքով հանդես եկան՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:


Ցուցահանդեսը կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ՝ Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ, որին աջակցել էին նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը:


«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ ցուցահանդեսի նպատակն է՝ կառավարությանը, հասարակությանը զանգ հնչեցնել այն հիմնախնդիրների մասին, որոնք առկա են Հայաստանում մամուլի ազատության և տեղեկատվության ազատության ոլորտում:
«Այստեղ առանձին լուսանկարներում պատկերված են, որոշ դեպքերում, այդ խախտումները, և որոշ դեպքերում այդ իրավունքի իրականացման փաստերը»,- ասաց նա:


Հայաստանում այս միջոցառումն անցկացվում է արդեն երկրորդ տարին: 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի