ԵՊԼՀ-ի որոշ դասախոսներ սպառնալիքի նոր ձևեր են կիրառում ուսանողների դեմ. հայտարարություն
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներից բաղկացած «Ազատ ուսանողների ֆորում»-ը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, ուր պնդում է, որ ԵՊԼՀ ուսանողները և բուհի կողքին կանգնած դասախոսները վերջին շրջանում ոչ հայկական համարներից ստանում են սպառնալիքներ:
«Սպառնում են սեփական կարծիքն արտահայտելու համար: Այդ ինչու՞ պայքարողները չեն սպառնում իրենց խանգարողներին: Որքանո՞վ են ուսանողական նախաձեռնությանը դեմ արտահայտվողները վստահ, որ իրենք ճիշտ են: Պարզապես մարդկանց գիտակցությունը սեփական շահի համար մտածելու և ապրելու մակարդակում է դեռ»,– ասվում է հայտարարությունում:
Ֆորումի ակտիվիստները նշում են, թե բուհի որոշ դասախոսներ չեն էլ մտածել, որ բուհում հանկարծ կարող են գտնվել համարձակ ուսանողներ, ովքեր կբարձրաձայնեն խնդիրներ, դեմ դուրս կգան կամայական որոշումներին, կպահանջեն իրավունքներ.«Իսկ ի՞նչ է, մենք է՞լ պետք է մնանք այդ մակարդակում, մենք է՞լ պետք է մեր երեխաներին կամայականությամբ լի Հայաստան ժառանգենք, մենք է՞լ պետք է կուլ տանք և նույնիսկ չմարսենք անօրինականությունը: Չէ, մենք այդպիսին չենք. մենք ուզում ենք տարբերվել ձեզնից, մենք ուզում ենք երկրում առողջ համակարգ ունենալ, մենք ուզում ենք լինել իսկապես ազատ ու անկախ Հայաստանի, ազատ ու ինքնորոշված բուհի նույնպիսի ուսանողներ, մենք ուզում ենք լինել օրենքով ապրող երիտասարդներ… այո′, մենք ուզու′մ ենք… Բայց ուզելը դեռ քիչ է. պայքարել է պետք, պայքարել հանուն նպատակի, հանուն արդարության, հանուն ներդաշնակության»:
Երիտասարդները հայտարարում են, թե իրենք պատրաստ են վաղն իսկ պայքարել՝ այսօր իրենց սպառնացող դասախոսների իրավունքների պաշտպանության համար, եթե վերջիններս վաղը դառնան կամայականության զոհ:
Մինչդեռ ուսանողների տեղեկացմամբ, բուհի որոշ դասախոսներ այսօր.«Դաս կարդալու փոխարեն նախընտրում են քարոզ կարդալ լսարանում, այսօր ուսուցանելու փոխարեն նախընտրում են վախեցնել մեզ»:
Ուսանողական ֆորումը տեղեկացնում է, որ որոշ դասախոսներ սպառնալիքի նոր ձևեր են սկսել կիրառել իրենց նկատմամբ:
«Հիմա էլ պարզվում է, որ կարող է հանկարծ բանավոր կամ գրավոր քննության ժամանակ դրական չստանանք: Բայց մենք սրա դեմ էլ ենք պայքարելու: Թող առաջին քայլը լինի դրա մասին բարձրաձայնելը: Հուսանք, որ տհաճ երևույթներ, այդուհանդերձ, տեղի չեն ունենա, իսկ մենք էլ ստիպված չենք լինի հրապարակել այն բոլոր ապացույցները, որ ունենք այս առնչությամբ»:
Պարզվում է, որ «սպառնալիք տեղացող դասախոսները, զանգահարում են ուսանողների բնակարաններ ու «ամոթանք տալիս մեր ծնողներին: Մի ֆենոմենալ բացահայտում ենք արել. ասում են` իբրև աղջիկներին ամոթ է պայքարել, խոսել իրավունքից, օրենքներից»։
Դիմելով «որոշ դասախոսներին» «Ազատ ուսանողների ֆորում»-ի անդամները հայտարարում են. «Ժամանակն է վե′րջ տալ ինչպես ամոթանքներին, այնպես էլ կոչերին, քննության ժամանակ դրական գնահատական չնշանակելու սպառնալիքներին: Դասաժամը, խնդրում ենք, օգտագործել համապատասխան նպատակով: Իսկ վերջում հավելենք, որ Մենք ոչինչ չունենք դասախոսների դեմ և հարգում ենք նրանց վաստակը՝ ակնկալելով փոխադարձ հարգանք և ըմբռնում»,-ասված է տարածված կայտառության մեջ:









