Պատրաստ եմ կորցնել շատ բան, բացի ժողովրդի հավատից ու վստահությունից. Գագիկ Ծառուկյան (լուսանկարներ)
Ինչպես խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին, այնպես էլ այժմ, «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է կորցնել շատ բան, բացի ժողովրդի հավատից ու վստահությունից: Այսօր նախընտրական քարոզչության շրջանակներում Մատենադարանի մոտ կայացած ԲՀԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդը:
Նկատենք, որ հանրահավաքը ընթանում էր տեղատարափ անձրևի տակ, ինչի պատճառով էլ հանրահավաքի համերգային մասը հետաձգվեց. երգիչ Ռուբեն Հախվերդյանը ելույթ չունեցավ, իսկ բոլոր ելույթ ունեցողները սահմանափակվեցին կարճ՝ 2-3 րոպե տևողությամբ ելույթներով: Առաջարկը Գագիկ Ծառուկյանինն էր, ով հայտարարեց՝ չի ցանկանում, որ ժողովուրդը թրջվի:
Իր կարճ ելույթում, ԲՀԿ առաջնորդը մարդկանց առաջարկեց մայիսի 6-ին «ընտրության գնալ խղճի մտոք» և քվեարկել «այն քաղաքական ուժի օգտին, որին ցանկանում են»:
ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, նախկին ԱԳ Վարդան Օսկանյանը, ի տարբերություն իր առաջնորդի, հանդես եկավ հասցեական կոչով։ Նա հայտարարեց, որ ընտրություններից հետո իրենք պատրաստ են ձևավորել նոր կառավարություն, և այն ուժերը, որոնք կրկին ուզում են Հայաստանը տեսնել սոցիալապես նույն վիճակում, թող գնան և իրենց ձայնը տան իշխող կուսակցությանը, իսկ բոլոր նրանք, ովքեր ուզում են նոր Հայաստան, ապա Օսկանյանը կոչ արեց՝ իրենց ձայները տալ ԲՀԿ-ին:
ԲՀԿ նախընտրական շտաբի ներքին քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում ասաց, հաճախ է հարց տրվում՝ ո՞րն է իրական սոցիոլոգիական հարցումը, ու ինքն էլ պատասխանեց՝ մատնացույց անելով հավաքվածներին. «Իրական գնահատականը մեկն է՝ սա՛ է իրական սոցիոլոգիական հարցումը, ահա այս կերպ դուք ձեր վճռական «այո»-ն եք ասում այն քաղաքական ուժին, որի կարևորագույն կարգախոսներից մեկն է՝ «Մարդու կողքին, մարդու համար»:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ քարոզարշավի ավարտին մնացել է ևս մեկ օր, որին հաջորդելու է «լռության օրը»,- «Օր, որում ձեր միակ զրուցակիցը լինելու է ձեր խիղճը»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:
ԲՀԿ ներկայացուցիչն իր խոսքը եզրափակեց հետևյալ մտքերով.«Եթե մայիսի 6-ին ընտրեք ԲՀԿ-ին, այն ուժին, ում չափման միավորը արդարությունն է ու Հայաստանը, այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախչում, ապա վստահ եղեք, որ մայիսի 7- ի առավոտյան բացելու ենք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջին էջի հաշվարկի օրը»:
Նշենք, որ անկախ ԲՀԿ հանրահավաքին ներկա էին նաև կուսակցության՝ կառավարության կազմում ընդգրկված ներկացուցիչները՝ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Աշխատանքի և սոցապահովության նախարար Արթուր Գրիգորյանը, մարզպետեր, պատգամավորներ, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ:









