Բուզանդ 2 բնակիչներ ընտրելու իրավունքը վերականգնելու համար կդիմեն ՄԻ կոմիտե

16:49 • 03.05.12

Բուզանդ փողոցի երկու բնակիչներ իրենց ընտրելու իրավունքը վերականգնելու համար պատրաստվում են դիմել Ժնևում Մարդու իրավունքների կոմիտե, այսօր այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեցին «Պետական կարիքների զոհ» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը և իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Բուզանդի այդ երկու բնակիչներ են Սեդրակ Բաղդասարյանն ու իր կինը, ովքեր պատմեցին, որ ամեն ինչ սկսվեց 2004 թվականին, երբ կառավարությունն ընդունեց որոշում, որով քաղաքացիների սեփականությունը պետք է օտարվեր և կառուցվեին պետական կարիքների համար էլիտար շենքեր: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Բաղդասարյանները պարզում են, որ և՛ իրենց անունները, և՛ Հյուսիսային պողոտայի ու Բուզանդ փողոցից ևս 35 մարդկանց անուններ չկան ընտրացուցակներում:


«Այսինքն, 2008թ. պարզվեց, որ Բուզանդ փողոցի և Հյուսիսային պողոտայի, ընդհանուր թվով 37 բնակիչներ, զրկվել էին քվեարկելու իրավունքից»,- ասաց Բաղդասարյանը:

Վերջինս նշեց, որ այս հարցով 2008-ին դիմել են Նորք և Մարաշ առաջին ատյանի դատարանը, որն էլ, առանց որևէ հիմքի, մերժել է իրենց դիմումը:

 

Այնուհետ, այս բնակիչները, իրավաբան Ա. Գրիգորյանի խոսքով, փորձել են ընդգրկվել ընտրողների լրացուցիչ ցուցակում, քանի որ հաշվառում չունեցողները այդտեղ են ընդգրկվում:

Գիրգորյանը մեկնաբանեց, թե հաշվառում չունեցող քաղաքացին ընտրական իրավունքից չի զրկվում, բայց նաև չի ընդգրկվում ցուցակում: Սակայն, Հյուսիսային պողոտայի ու Բուզանդ փողոցի բնակիչներին չեն թույլատրում անգամ լրացուցիչ ցուցակում ընդգրկվել:

Իրավաբանի տեղեկացմամբ, ՀՀ սահմանադրության համաձայն, անձը ստանում է ընտրական իրավունք, եթե լրացած է նրա 18 տարին և ՀՀ քաղաքացի է: «Իսկ այս երկու պայմաններին՝ նշված երկու անձինք, Բաղդասարյանները, համապատասխանում են»:



Իրավաբանը նաև տեղեկացրեց, որ այս խնդրով ապրիլի 10-ին դիմել է Նորք և Մարաշ առաջին ատյանի դատարան՝ նրանց ընտրողների ռեգիստրում ընդգրկելու համար, սակայն ապրիլի 25–ին ստացել են ծանուցում, որ ապրիլի 14-ին դատարանը մերժել է դիմումը, քանի որ դա պետք է քննի վարչական դատարանը:

«Իրենք մեզ դեմ են տալիս նորից լրացուցիչ ցուցակ հասկացությունը»,-նշեց իրավաբանը` նշելով, որ դա անիմաստ քաշքշուկների տեղիք է տալու, ինչպես նախորդ անգամ և արդյունք չի ունենալու:

 

Ա. Գրիգորյանը նշեց, որ վերաքննիչ դատարան են բողոքարկել. «Մենք վաղը կամ մյուս օրը դիմումը ետ կկանչենք առաջին ատյանի դատարանից, քանի որ իմաստազուրկ է դառնում»,- ասաց իրավաբանը՝ ավելացնելով, որ այժմ նրանք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների կոմիտե, որպեսզի միջազգային մակարդակով քննություն սկսվի:

Իրավաբանը կարծում է, որ ընտրական օրենսգրքում առկա նման թերությունը ոչ թե անկատարության, այլ դիտավորության մասին է փաստում. «Ինչի՞ համար են լրացուցիչ ցուցակները, ինչո՞ւ պետք է սորտավորել ընտրողներին»,-հարց հնչեցրեց Գրիգորյանը:

Սեդրակ Բաղդասարյանը ցույց տվեց իր անձնագիրը, որտեղ նշված էր, որ ինքը գրանցված է Բուզանդ փողոցում, սակայն նշեց, որ ոստիկանությունը դատավարության ժամանակ ասել է, որ իրենց հանել են միակողմանի գրանցումից, և այդ նույն Ոստիկանությունը Բաղդասարյան ամուսինների անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգել է:

 

Սեդրակ Բաղդասարյանը սուտ տեղեկություն համարեց այն փաստը, թե իրեն առաջարկվել է ավելի մեծ մակերեսով բնակարան, և նա մերժել է: Վերջինս նշեց, որ իրենք պարզել են, որ հատուցման համար նախատեսված բնակարանը վաճառվել է:

«Սուտ կայտառություն է, այդպիսի հայտարարություն առաջին անգամ չէ, որ լսում եմ: Ինձ երբեք ոչինչ չի առաջարկվել, իսկ Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը 2010 թվականին փող ուզեց ինձանից»,- ասաց Բաղդասարյանը: Ապա ասաց, թե ինքը հարցրել է.«Կա՞ վճարման անհրաժեշտություն», Մելիքյանը պատասխանել է. «Չկա, բայց մենք ենթադրում ենք»:

Արթուր Գրիգորյանն ասաց, որ իրենք կսպասեն Մարդու իրավունքների կոմիտեի վճռին. «Ոչ ոք չի կարող ժխտել, որ այս անձինք ՀՀ քաղաքացիներ են և նրանց 18 տարին վաղուց լրացել է»: