Ոչ թե գաղափարի պայքար է ընթանում, այլ վատի ու վատագույնի. Մարտի 1-ի հարցով հանձնաժողովի անդամը հացադուլ է հայտարարել

14:21 • 03.05.12

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առաջ մեկշաբաթյա հացադուլ սկսելու հայտարարություն արեց:

Հացադուլի պահանջը փոքր-ինչ անհասկանալի էր, քանի որ վերջինիս կոչն ուղղված է ոչ թե իշխանություններին՝ արդար ընտրություններ անցկացնելու պահանջով, այլ հասարակությանն ու մտավորականությանը՝ ինքնակազմակերպվելու և այլընտրանքային իշխանություն ձևավորելու համար տարբերակներ գտնելու պահանջով:

Արտավազդ Վարդանյանն չի ակնկալում նաև ընտրությունների միջոցով փոփոխության իրականցումը:

Վերջինս իր քայլը դիտում է հասարակությանը ոտքի հանելու ևս մեկ առիթ: Միաժամանակ հավելելով, որ ընդունում է «Սարդարապատ» շարժման կողմից իշխանափոխության իրակայնացման առաջարկը, այն համարելով ընդունելի այլընտրանք:

«Ընտրությունից ընտրություն վիճակը չի լավանում: Քանի որ ընտրությունը համակարգի փոփոխության միջոց չի ծառայում: Այնպիսի իրավունքներ են սահմանել, որ միշտ կարողանում են վերարտադրվել: Այսպիսի համակարգի պայմաններում անիմաստ է գնալ ընտրությունների. ոչ թե գաղափարի պայքար է ընթանում, այլ վատի ու վատագույնի պայքար»,-ասաց հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանն ու կրկին վերահաստատեց, որ իր հացադուլի պահանջը իշխանությանը չի ուղղված, այլ հասարկությանն ու մտավորականությանը:

Արտավազդ Վարդանյանը հայտարարեց, որ ինքը ոչ իշխանությանն է վստահում, ոչ էլ ընդդիմությանը. մինչդեռ ընդդիմության մասին կխոսի միայն մայիս 6-ից հետո: Փոխանցեց ընդամենն այն համոզմունքը, թե ընդդիմության պայքարը նույնպես մանդատների համար է մղվում:
Հացադուլավորն իր քայլերը համեմատեց Մաշտոցի պուրակի բնապահպանական ակտիվիստների պայքարի հետ, ուր ակտիվիստներին հաջողվեց հաղթանակ տոնել, սակայն մեկ տարբերությամբ, որ իր հացադուլային պայքարի նպատակներն առավել լայնամասշտաբ են:

Տեղեկացնենք, որ Արտավազդ Վարդանյանը Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստներից մեկն է՝ կրպակների ապամոնտաժման բրիգադի անդամներից:

Վերջինս Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ժամանակին ինքը Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ներկայացված է եղել ԱԺՄ կուսակցության մանդատով և որ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ միասին հրաժարվել է ստորագրել Մարտի 1-ի վերաբերյալ՝ իշխանությունների կողմից ներկայացված փաստաթղթի տակ: