Մեր երկիրը կարոտ է լուռ, այսինքն՝ կենտրոնացած, խորասուզված աշխատանքի. Սերժ Սարգսյան (լուսանկարներ)
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ: Իր և իր գլխավորած կուսակցության անունից Հանրապետական կուսակցության նախագահը խոստացել է աշխատանք արդյունքի համար և ոչ թե գովազդի:
«Կարծում եմ, որ նկատել եք այս ընթացքում մենք բարձրագոչ բաներ չէինք ասում: Համոզված եղեք, որ դա ավելի հեշտ է, քան կոնկրետ գործից խոսելը: Մենք փորձեցինք խոսել հստակ և խոսել որոշակի գործերի մասին: Այն գործերի, որ արդեն արվել են և այն գործերի, որ մենք պատրաստվում ենք անել: Երբ ասում եմ «մենք», ես նկատի չունեմ միայն իմ կուսակիցներին կամ համակիրներին: Ես նկատի ունեմ բոլոր նրանց, ում ջանքերը պիտի համատեղվեն մեր օրախնդիր հարցերի լուծման նպատակով»,-ասել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ մեր երկիրը կարոտ է լուռ, այսինքն՝ կենտրոնացած, խորասուզված աշխատանքի:
«Աղմուկը ուշ թե շուտ ցրվում է, մնում է գործը:
Ուրեմն՝ աշխատե՛նք, որ փոխենք:
Աշխատենք, որ փխրուն զինադադարը փոխենք ամուր խաղաղության:
Աշխատենք, որ անմշակ հողերը փոխենք այգիների:
Աշխատենք, որ մեր ողջ գրավոր ժառանգությունը թվայնացված վերադառնա մեր տները, և մենք վերադառնանք դեպի մեզ:
Աշխատենք, որ արտագաղթը փոխենք տունդարձի:
Աշխատենք, որ փոխվենք: Այլապես արժանի չենք լինի ավելի լավ Հայաստանի:
Աշխատենք, որ մեր զավակների ուսերին չբարդենք մի նոր բեռ:
Աշխատենք, որ մեր աչքերով տեսնենք ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար»,-Աջափնյակի բնակիչների հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀԿ նախագահը:
Նշելով, որ ընտրարշավը մոտենում է եզրագծին, Սերժ Սարգսյանն ասել է, թե ուրախ է մեր երկրի բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք լիարժեք հնարավորություն ունեցան իրենց ծրագրերն ու ծառայություններն առաջարկել մեր քաղաքացիներին:
Նա նաև շնորհակալություն է հայտնել թե՛ ընտրողներին, թե՛ ընտրվողներին այն խաղաղ ու հանգիստ պայմանների համար, որ այս ընթացքում տիրում էին մեր երկրում: «Մենք վաղուց ընտրության չենք գնացել առանց ավելորդ լարվածության: Գոհ եմ, որ մենք վերջապես հիմք ենք դնում ընտրարշավի և քաղաքական մրցակցության նոր ավանդույթների: Համոզված եմ, որ Հայաստանում մեծացող սերունդները դեռ քաղելու են դրանց պտուղները»,-ասել է Հանրապետականի նախագահը:
Սերժ Սարգսյանը կարևորել է նաև մեր երկրում առկա խնդիրների լուծման գործում բոլորի ջանքերի համատեղումը: Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այո՛, հզոր և առաջատար քաղաքական ուժ է և կատարում է իր առաքելությունը, բայց ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող ապահովել այն բարձր նշաձողը, որ ինքներս սահմանել ենք միասին իբրև հասարակություն, և դա հասկանում են Հայաստանի քաղաքացիներն ու ողջ հայությունը:
ՀՀԿ նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս Հանրապետականը հետևողականորեն քայլեր է ձեռնարկելու յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելու համար:
Լուսանկարները՝ Armenpress-ի և PanArmenian Photo-ի









