Գալուստ Սահակյանը «պարոն հայհոյանքն» է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այն կարծիքին է, որ Գալուստ Սահակյանին Հայաստանի Հանրապետական կուսակցությունում «պահում են» հատուկ հայհոյելու համար:
«Երբ Սերժ Սարգսյանը պետք է հայհոյի, խոսքը տալիս է Գալուստին: Գալուստ Սահակյանը հայհոյանք է, էդ մարդը պարոն հայհոյանք է: Ես նույնիսկ ամաչում եմ երևանցիների համար, որ էդ ձևի մարդ կա Երևանում»,- Tert.am–ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով իր մասին Գալուստ Սահակյանի վերջին մտքերին հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Aravot.am-ին Գալուստ Սահակյանը ասել էր, որ «Բագրատյանը 88-90 թվականներին կոշիկ չուներ հագնելու, սանդալներով ձմռանը ՀՀՇ-ի շտաբի կողքը ման էր գալիս» և հավելել.« Այնպես որ կոշիկի գաղափարախոսությամբ է եկել, դրա համար կոշիկից էլ խոսում է: Ինքը մի հատ չարոխատիպ կոշիկ էր հագնում, որ մոդա չէր, ամառ-ձմեռ դա էր հագնում, ձմեռը՝ մի քանի զույգ նասկիով»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն սա ասել էր, երբ լրատվամիջոցն առաջարկել էր արձագանքել Հրանտ Բագրատյանի՝ մարզերի բնակիչներին ուղղված խորհրդին՝ «երբ Սերժը գա՝ կոշիկի թայը հանեք, շպրտեք վրան»:
Ի պատասխան, Հրանտ Բագրատյանն ասաց, որ ինքը չէ նման բան ասել, այլ՝ մարդիկ են ասել: «Ասում էին՝ ի՞նչ անենք, մենք էսի հանե՞նք»,-ասաց Հրանտ Բագրատյանը հավելելով, որ ինքը վարչապետ Տիգրան Սարգսյանին ևս կոշիկի հետ չի համեմատել (որ կոշիկն ավելի լավ վարչապետ կաշխատի), այլ լրագրողներն են Հրանտ Բագրատյանին առաջարկել, որ նշի որևէ իր, որը կարող է վարչապետ աշխատել: Հրանտ Բագրատյանն էլ ասել է՝«կոշիկ»:
Իսկ, առհասարակ, ՀՀ նախկին վարչապետը նշեց, որ «կոշիկի թեման ես սովորել եմ պրեզիդենտ Բուշից» (նկատի ունի Իրաքում տեղի ունեցած միջադեպը, երբ մամուլի ասուլիսի ժամանակը լրագրողներից մեկը կոշիկ էր նետել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վրա):
Վերջում Հրանտ Բագրատյանը հավելեց, որ շատ ուրախ է, որ ժամանակին Գալուստ Սահակյանին «վռնդել է» աշխատանքից: Այսինքն՝ իրեն առաջարկվել է Գալուստ Սահակյանի նշանակել թաղապետ, սակայն Բագրատյանը մերժել է:









