Յուրա Մովսիսյան. Մեկ-մեկ մեր թիմի դարպասին էլ եմ խփում…

12:30 • 03.05.12

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 գոլի հեղինակ դարձավ «Կրասնոդարի» կազմում: Երեկ Մովսիսյանը գրավեց «Ամկարի» դարպասը (2:2), կատարեց գոլային փոխանցում, իսկ խաղավերջում Սիրակովի հարվածից հետո Յուրան անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Armsport.am-ը կարճ զրուցել է Մովսիսյանի հետ:

- Յուրա, նախորդ տուրում 2 գոլ խփեցիր: Երեկվա հանդիպումն այդ ոգևորության շարունակությո՞ւնն էր:

- Կարելի է և այդպես ասել: Հաճախ է լինում, որ գոլ խփելուց հետո սկսում եմ հաջորդ հանդիպումներում էլ արդյունքի հասնել: Կարևոր է, որ ոչ միայն հակառակորդի դարպասն եմ գրավում, այլև մեկ-մեկ մեր թիմի դարպասին էլ եմ խփում (ծիծաղում է)…

- Ամեն դեպքում, պաշտոնապես ինքնագոլ չի գրանցվել…

- Այո, գնդակն անդրադարձից հայտնվեց դարպասում ու նման դեպքերում ինքնագոլ չեն հաշվում, բայց ես փոխեցի գնդակի ուղղությունը, որից հետո հաշիվը հավասարվեց:

- «Կրասնոդարը» ժամկետից շուտ դարձավ Պրեմիեր լիգայի Բ ենթախմբի հաղթող: Ի՞նչ մթնոլորտ էր տիրում թիմում այդ արդյունքից հետո:

- Առաջնության առաջին հատվածից հետո մեր միակ նպատակը հենց Բ ենթախմբում առաջինը լինելը` ընդհանուր 9-րդ տեղը պահպանելն էր: Մենք միավորներով առաջ ենք Ա ենթախմբի 8-րդ տեղից` «Կուբանից»: «Կուբանի» մրցակիցներն ավելի հայտնի ու ուժեղ թիմեր են եղել վերջին ամիսներին, սակայն դա խաբուսիկ է, քանի որ մենք էլ ոչ պակաս ծանր խաղերի ենք մասնակցել: Բ ենթախմբի թիմերը շատ կոպիտ ու կոշտ ֆուտբոլ են խաղում, եթե դա կարելի է ֆուտբոլ անվանել: Այստեղ հիմնականում հանդես են գալիս թիմեր, որոնք ամեն ինչ անում Պրեմիեր լիգայում մնալու համար ու փակ ֆուտբոլ են խաղում, մեծ ուժերով պաշտպանվում են: Շատ դժվար է նման հանդիպումներում հաղթելը:

- Մոտ մեկ ամսից հավաքականը ընկերական հանդիպումներ է անցկացնելու: Արդեն մտածո՞ւմ ես այդ խաղերի մասին:

- Ինձ ուրախացնում է այն, որ հավաքականի խաղերից առաջ ինձ հաջողվել է լավ մարզավիճակ ձեռք բերել: Շուտով ազգային թիմի կազմում մեզ 2 հետաքրքիր ընկերական խաղ է սպասվում ու ինձ համար շատ կարևոր է, որ այդ խաղերում ես կարողանամ ամբողջ ուժով օգտակար լինել մեր հավաքականին: