Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան»-ը, ինչ-որ մտահոգություն ունի, որ ընտրությունները կկեղծվեն. իհարկե ունի. Վարդան Օսկանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) մտավախություն ունի, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կարող են կեղծվել: Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԲՀԿ-ին վերջերս անդամակցած նախկին արտգործնախարար և ԱԺ ընտրություններում ԲՀԿ համամսնական ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանը:
«Պետք է դիտարկել էս բոլորը նաև մեր անցած ճանապարհի կոնտեքստում։ Եթե մեր նախորդ ընտրությունները շատ նորմալ անցած լինեին, խնդիր չունենայինք, օրինականության հարցեր չծագեր, իհարկե, ձեր հարցը արդարացի կլիներ` առ այն, որ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան»-ը ինչ-որ մտահոգություն ունի, որ կկեղծվի։ Իհարկե ունի մտահոգություն. մեր անցած ճանապարհն է դա ցույց տալիս, առավել ևս` այսօրվա առկա ցուցակներն են դա ցույց տալիս, ընդհանուր խոսակցությունները, տարբեր տարածքներում ինչ-որ արվող գործողություններըե, - ասել է Օսկանյանը՝ նշելով, որ կեղծման լծակները միշտ էլ իշխանության ձեռքում է եղել։ «Այսինքն` հայտնություն չի, էլի, որ ասենք` վերջիվերջո, ազատ, արդար ընտրություններ անցկացնելու-չանցկացնելու ամբողջ պատասխանատվությունը իշխանությունների ուսերի վրա է։ Դա այդպես է` մեր օրենսդրությունն է այդպես, մեր կառուցվածքը` քաղաքական համակարգի, այդպիսին է»,– ասել է Օսկանյանը։
Այնուհետև Օսկանյանը մանրամասնել է, թե իր պատկերացմամբ ինչպես է գործում այդ լծակների կիրառման մեխանիզմը։ «Իշխանությունները ես չեմ ասում, որ էդպես նստած ինչ-որ դավադրությունների մեջ են և այլն, բայց իշխանությունները ցանկանում են այս ծանր պայմաններում հաջողության հասնել, երբ ընդհանուր հոսանքը ավելի իրենց դեմ է, և ուզում են պահել իրենց քաղաքական մենաշնորհը` դա արդեն, ես կարծում եմ, որ շատ հստակ սիգնալ է տարածաշրջաններում բոլոր այն կուսակցության ներկայացուցիչներին, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին։ Նույնիսկ եթե նրանք ուղիղ հրամաններ չունեն, մեր անցած ճանապարհը դա ցույց է տալիս` նրանք կարծեք թե իրենց վրա արդեն պատասխանատվություն են դնում, որ լավ արդյունքներ պետք է տան, որովհետև հետո կարող են նրանց աշխատանքից հանել», - ասել է Վարդան Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը նկատել է նաև, որ «արջի ծառայություն» մատուցելու գործոնը մեր մոտ իսկապես աղետներ է գործել նախկինում և շարունակելու է գործել, և մտավախություն հայտնել, որ այս ընտրություններին կարող է ավելին լինի, որովհետև իսկապես հոսանքը այսօր դեպի փոփոխությունն է՝ նշելով, որ այդ փոփոխության այլընտրանքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։ «Բայց, մյուս կողմից, իշխող կուսակցությունը, բնականաբար, ուզում է իր տեղերը պահի, նույնիսկ ասում է` ուզում է ավելացնի, և այդ բոլորը` քաղաքական այդ խոսակցությունը, հայտարարությունները, այդ բոլոր մարդկանց հստակ ուղերձ է, որ` «գնացե՛ք, մեզ համար դրական արդյունքնե՛ր բերեք»։ Բայց եթե չկա դաշտը, կամ էդ պարարտ հողը` էդ դրական արդյունքը բերելու, էդ մարդիկ կարող են ամեն ինչի էլ գնալ», - Ասել է Վարդան Օսկանյանը։









