Ոստիկանության պարզաբանումը Մաշտոցի այգու միջադեպի կապակցությամբ

18:45 • 03.05.12

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ 2012թ. ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրականացվող քննության վերաբերյալ, որում տեղեկացվում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնի կողմից իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատավարական մի շարք գործողություններ:


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
2012 թվականի մայիսի 1-ի հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր հանրությանը ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների և դրանից հետո իրականացված ընթացակարգային միջոցառումների վերաբերյալ:


Պահպանելով իրավական գործընթացների մասին շահագրգիռ հանրությանը իրազեկելու իր գործելակերպը, ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ 2012 թվականի ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց ընթացքում առանձին անձանց կողմից կատարված գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնի կողմից իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատավարական մի շարք գործողություններ:

Մասնավորապես, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստանալու մասին հայտարարած բոլոր անձանց մոտ մարմնական վնասվածքների առկայությունը պարզելու, դրանց բնույթն ու ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ և միջոցներ են ձեռնարկվել փորձաքննության անցկացմանն այդ անձանց ներկայությունն ապահովելու համար:

 

Միաժամանակ միջադեպի հայտնի բոլոր մասնակիցները գրավոր տեղեկացվել են բացատրություն տալու իրենց իրավունքի մասին, կատարվել են անհրաժեշտ կազմակերպչական գործողություններ նրանց հնարավոր բացատրություններն ամրագրելու համար:

Դեպքի մնացած մանրամասները պարզելու նպատակով, հավաքվում են լրացուցիչ փաստաթղթեր և այլ նյութեր: