Քոչարյանը ակտիվ քաղաքականություն վերադառնալու լիարժեք պատասխան չունի... առայժմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը՝ պատասխանելով քաղաքականություն վերադառնալու հնարավորության, ներկայիս իշխանությունների և ԲՀԿ–ի հետ հարաբերությունների, ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաճախակի հանդիպումների, շախմատի և քաղաքականության հետ կապի և այլ թեմաների մասին։ Քոչարյանը կրկին անթաքույց քննադատության է ենթարկել ներկայիս իշխանություններին՝ հատկապես տնտեսական կտրվածքով։
Նախ` Քոչարյանը պատասխանել է այն հարցին, թե կարելի՞ է համարել, որ քարոզչության նախավերջին օրը հարցազրույց տալու՝ իր համաձայնությունը խոսում է նախընտրական արշավին, այնուամենայնիվ, ինչ-որ ձևով մասնակցություն ունենալու մասին: «Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որևէ մասնակցություն ունենալու ցանկություն չեմ ունեցել և չունեմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ դա նախագահի գործը չէ (ոչ նախկին, ոչ էլ գործող): Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանում ու տարբեր համատեքստերով ինձ հետ կապված այնքան շատ հրապարակումներ եղան, որ ես չեմ կարող խուսափել որոշ պարզաբանումներ տալուց: Կաշխատեմ չվերածել այս հարցազրույցը նախընտրական քարոզչության»,– ասել է նա:
Այնուհետև լրագրողը երկրորդ նախագահից հետաքրքրվել է, թե ի՞նչ կապ ունի նա «Բարգավաճ Հայաստանի» հետ՝ հատկապես Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը հաշվի առնելով։ Քոչարյանը պատասխանել է, որ ինքը սերտ համագործակցություն է ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չի հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից: «Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի և քաղաքական մրցակցության երաշխավորի դերում.,– ասել է նա՝ հավելելով, որ ԲՀԿ-ն հենց այն կուսակցություններից մեկն է, որի հետ համագործակցել է այդ ձևաչափով: «Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երևի թե, այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների և մարզպետների մեծամասնությունը»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Այնուհետև նա հետաքրքիր բացահայտում է արել՝ ասելով, որ 2007 թվականին Օսկանյանին՝ ԲՀԿ–ին անդամակցելուց հրաժարվել ինքն է համոզել, քանի որ չի ցանկացել նախագահական ժամկետի ավարտից 9 ամիս առաջ արտգործնախարար փոխել: «Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին»,– ասել է նա՝ ընդհանուր առմամբ ուրախություն հայտնելով, որ ԲՀԿ-ն հաջողում է և ժողովրդականության զգալի աճ է արձանագրում:
Քոչարյանը նաև խոսել է գործող իշխանության հետ իր հարաբերությունների և իշխանության հետ ունեցած «ինչ-ինչ ստվերային և ապագայում բացահայտվելիք պայմանավորվածությունների» մասին՝ բացառելով որևէ անդրկուլիսյան պայմանավորվածություն իշխանության հետ: Քոչարյանն այնուհանդերձ ասել է, որ անկեղծորեն ցանկանում է, որ գործող իշխանությունը հաջողություն ունենա, բայց միաժամանակ դժգոհություն հայտնել դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ռոբերտ Քոչարյանը նշել է նաև, որ որոշակի ժամանակաշրջան նա փորձել է խորհուրդներ տալ գործող իշխանությանը, սակայն դա չի ընդունվել։ «Պաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն և դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին»,– ասել է Քոչարյանը:
Լրագրողը հետաքրքրվել է նաև տնտեսական վիճակի մասին երկրորդ նախագահի գնահատականներից, այն պարագայում, երբ նախընտրական քարոզչության ընթացքում տնտեսության պատասխանատուները բազմիցս խոսել են այն մասին, որ մարդկանց ապրուստը առանձնապես չի վատացել և որ մեր տնտեսությունը այնքան էլ վատ վիճակում չէ, ինչին ի պատասխան Ռ. Քոչարյանն ասել է, որ յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: «Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս, ասել է նա՝ արձանագրելով, որ երկրի տնտեսական և քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է: «Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում»,– ասել է նա:
Անդրադառնալով քաղաքականություն վերադառնալու՝ «Մեդիամաքս»–ին նախկին հարցազրույցներից մեկում առաջ քաշած նախապայմանին, երկրորդ նախագահն ասել է, որ Հայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանը անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է: «Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ»,– ասել է Ռ. Քոչարյանը:
Խոսելով ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների և պարբերական հանդիպումների մասին, Քոչարյանն ասել է, որ անձնական փոխըբռնման վրա հիմնված 8 տարիների համագործակցությունը չէր կարող շարունակական չլինել:
Քոչարյանը խոսել է նաև լրագրողի դիտարկմամբ՝ մեկ–երկու տարի առաջ քաղաքական և քաղաքագիտական բառապաշարը համալրած շախմատի մասին՝ նկատելով, որ քաղաքականության հետ շախմատի համեմատությունը չափազանց անհաջող է երկու պատճառով. «1. Երկիրը կառավարելիս չպիտի ամենևին խնդիր դնես` հաղթել ինչ-որ մեկին: Նման խնդիր կա միայն իշխանությունը պահելու պարագայում: Իսկ «հաղթել» պետք է կարողանաս արտագաղթին, գործազրկությանը և կոռուպցիային: 2. Շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը»: Հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավորության» կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շախմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգևորել որևէ մեկին (բացի թագավորից): Այնպես որ, լավ կլինի հանգիստ թողենք շախմատը: Թող այն պարզապես ինտելեկտուալ խաղ մնա, և լավ է, որ այն ժողովրդականություն է վայելում Հայաստանում»,– եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ։









