Մոսկվան Վաշինգտոնի հետ Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայման հարցի լուծում դեռ տեսնում է
Ռուսաստանը կփորձի վերջին անգամ «հասցնել» Միացյալ Նահանգներին իր անհանգստությունը` Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տեղակայման հարցով, Մոսկվայում անցկացվելիք Հակահրթիռային անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ, հայտնում է vz.ru-ն:
Համաժողովի ընթացքում, մասնավորապես, զինվորականները կցուցադրեն համակարգչային մի մոդել, թե Թուրքիայում, Լեհաստանում ու Ռումինիայում տեղակայված օբյեկտներն ինչպես կարող են ազդել ռուսական միջուկային զսպման ուժերի վրա:
«ՌԴ Պաշտպանության նախարարության կազմակերպած համաժողովին մասնակցության համար ԱՄՆ-ից պատվիրակություն է ժամանել: Արդյունավետ բանակցությունների հույս ունենք»,- Twitter-ի իր էջում գրել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը:
Մինչ այսօր այս հարցի շուրջ կառուցողական երկխոսություն վարել չի հաջողվել: Ռուսաստանը գտնում է, որ ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղակայումը Եվրոպայում սպառնում է իր տարածքի անվտանգությանն ու անվտանգության երաշխիքներ պահանջում: Օրերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել էր, որ եթե հարցի շուրջ առաջընթաց չլինի, ապա Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի:
«Իրավիճակը մտնում է փակուղի: Մենք դժվարին կացության մեջ ենք հայտնվել: Կամ պետք է համագործակցության թեստն անցնենք և համատեղ արձագանքենք նոր հրթիռային սպառնալիքներին ու մարտահրավերներին, կամ ստիպված պետք է ռազմատեխնիկական միջոցառումներձեռնարկենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասել է ՌԴ Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի խոսքով էլ` իրավական երաշխիքներ տրամադրելու ԱՄՆ-ի մերժումը Մոսկվային «կասկածելու առիթ է տալիս»:
ՌԴ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովն էլ նշել է, որ չնայած դժվարին կացությանը` ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն կողմերը դեռ ունեն: Ըստ նրա, եթե ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Սպիտակ տան ղեկավար ընտրվի «ոչ Օբաման, այլ մեկ ուրիշը, ապա հարցի շուրջ համաձայնության գալն առավել բարդ կլինի»:
«Եթե լինի մեկ այլ անձնավորություն, իսկապես դժվար կլինի: Օբաման շատ խելացի քաղաքական գործիչ է: Սակայն սառը պատերազմի կատեգորիաներով, ամեն դեպքում, պետք չէ մտածել»,- ասել է նա:









