Ադրբեջանը մինչև 2014թ. չի կարող ԱՀԿ անդամ դառնալ. ամերիկացի փորձագետ
Ադրբեջանը մինչև 2013թ.-ի վերջը չի կարող դառնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ: Այս մասին հայտնել է այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ նախագահի ու Կոնգրեսի ներքո գործող Գիտությունների կենտրոնի առաջատար խորհրդական Շերման Կարցը:
Նրա խոսքով` երկրի` ԱՀԿ-ին անդամակցության վրա մեծ ազդեցություն ունեն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական գործոնները: Նա հիշեցրել է, որ 2012-ի նոյեմբերին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, և այդ պատճառով ամերիկյան կառավարության հիմնական ուշադրությունը կուղղվի դրանց վրա:
«Կարծում եմ` հենց այս պատճառով հարցը կձգձգվի: Մյուս կողմից, ԱՄՆ-ում գործազրկություն է նկատվում: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը հետաքրքրություն չի դրսևորում նոր առևտրային համաձայնագրերի կնքմանը: Պետք է ընդգծել նաև, որ չլինելով ԱՀԿ անդամ` չի կարելի դառնալ Եվրամիության անդամ»,- ասել է ամերիկացի փորձագետը:
Կարցի խոսքով` տնտեսական տեսանկյունից` Ադրբեջանը կառույցին անդամակցության համար նախ պետք է ընդունի մի շարք ծրագրեր:
«Առավել անհանգստացնող է իրավիճակը երկրի արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտներում: Ադրբեջանը նախ պետք է իջեցնի այդ ոլորտներում տոկոսադրույքները և ուշադրություն դարձնի այս ոլորտների զարգացման վրա»,- ասել է նա:
Փորձագետի` Ադրբեջան այցի նպատակը երկրի տնտեսության ազատականացմանն ուղղված բարեխոփումների ընթացքին ծանոթանալն է և կառույցին երկրի անդամակցության հարցը քննարկելը:









