Հայաստանում առաջին անգամ սոցիալական ցանցերը՝ նախընտրական քարոզարշավի հզոր միջոց

16:19 • 03.05.12

Արդեն ավարտին մոտեցող մայիսյան խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սակավ նախընտրական և PR տեխնոլոգիաներ է կիրառել և օգտագործել է դրանց միայն մեկ տոկոսը՝ ստանդարտ հանրահավաք, բակային հանդիպումներ և փակ դահլիճներում հանդիպումներ սխեմայով։


Ամփոփելով 25-օրյա նախընտրական քարոզարշավը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեցին քաղաքական և PR տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը և Iditord.օrg համակարգի համակարգող Սամվել Մարտիրոսյանը:


Վերջինիս գնահատմամբ, առաջին անգամ Հայաստանում՝ նախընտրական քարոզարշավի առաջ մղման իմաստով, լրջագույն դեր խաղացին սոցիալական ցանցերն ու կայքերը:


«Սոցիալական ցանցը շատ ուժեղ օգտագործվեց, այսինքն, ընտրություններից մինչև՝ մեկ տարի-վեց ամիս առաջ, բազմաթիվ լրատվական կայքեր բացվեցին, որոնց զգալի տոկոսը անհայտ, «որբ» կայքեր են. հայտնի չէ, թե ո՞վ է խմբագիրը և այլն: Ու էդ ամեն ինչը ցանցում ձևավորեց բազմաթիվ տեղեկատվական հոսքեր, քանի որ այդ ամենը տարածվում էր սոցիալական ցանցերում»,- ասաց Iditord.օrg համակարգի համակարգողը Մարտիրոսյանը:


Վերջինս նաև վկայակոչեց թվեր. այսպես, եթե 2007-2008թթ. ողջ Հայաստանում բոլոր օգտատերերի թիվը մոտենում էր 300.000-ի, ապա հիմա, ըստ բանախոսի, այդքան օգտատեր կա միայն «Ֆեյսբուքում», իսկ ցանցերում՝ ՀՀ բնակչության մոտ կեսն է.« Իհարկե, մի մասը որպես ակտիվ, մյուսները՝ պակաս ակտիվ, բայց միևնույն է, սա պոտենցիալ լսարան է և գործուն միջոց»:


Մասնագետը չի բացառում, որ մայիսի 6-ին հարձակումներ լինեն կայքերի վրա, ինչպես եղավ Ռուսաստանում՝ վերջին համապետական ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմադիր կայքերի մեծ մասը չէր գործում:
Եթե այն լինի DDOS տեսակի ինտերնետային հարձակում, ապա մասնագետը ասուլիսին ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս ժամանակ չվատնել և պատվիրատուին փնտրել միայն դետեկտիվ գրականությունից հայտնի՝ «ո՞ւմ է ձեռնտու» սկզբունքով:


Մյուս կողմից, Մարտիրոսյանի խոսքով, սա այնքան էլ սարսափելի չէ, որովհետև ջարդված կայքերի տեղեկատվությունն անմիջապես «կմիգրացվի» «Ֆեյսբուք», ինչը ջարդել չի հերիքի և ոչ մի պատվիրատուի գումար:
Ինչ վերաբերում է «Օդնոկլասնիկին» (www.odnoklassniki.ru), ապա, ըստ Սամվել Մարտիրոսյանի, սա «Ֆեյսբուք»-ի՝ պակաս քաղաքականացված տարբերակն է: