Գիտաժողով Բուլղարիայում՝ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված

18:44 • 03.05.12

Բուլղարիայի Վելիկո Տրնովո քաղաքի «Սվ. Կիրիլ ի Մեդոդիյ» համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մայիսի 2-3-ը տեղի է ունեցել Ազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանություն` մարդկության դեմ ամենաարյունալի հանցագործություն 97-րդ տարելից» թեմայով։


Ըստ ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայության հաղորդագրության՝ սա իր տեսակի մեջ առաջին գիտաժողովն էր Բուլղարիայում:
Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել բուլղար և հայ ազգի դասախոսներ ու ուսանողներ Սոֆիայից, Վելիկո Տրնովոյից, Վառնայից, Ռուսեից, Պլովդիվից:


Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Դեսպանն իր ելույթում շեշտել է, որ «1915-1917թթ. իրադարձությունները պլանավորված ցեղասպանություն էր Օսմանյան կայսրության կողմից, որի գերխնդիրն էր ոչնչացնել տեղի հայ ազգի բնակչությանը և յուրացնել այն ամենը, ինչ հազարամյակների ընթացքում կերտվել էր հայ ժողովուրդի կողմից»:


Գիտաժողովը վարել է բուլղար պատմաբան, համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ դոկտոր Պլամեն Պավլովը: Հետաքրքիր զեկույցներով են հանդես եկել նաև հայկական համայնքի և հայ եկեղեցու ներկայացուցիչները, մտավորականներ, պատմաբաններ, որոնք իրենց ելույթներում լուսաբանել են Հայոց ցեղասպանության իրադարձությունները տարբեր տեսանկյուններից:


Միջոցառմանը ներկայացվել է նաև Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռավոր հարևաններ Հայաստան-Թուրքիա» գիրքը` բուլղարերեն թարգմանությամբ:


Միջոցառումն ավարտվել է Տավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությամբ: