Արմավիրի մարզում «Տագեռ»–ի հետ բախման արդյունքում «Գազել» է շրջվել. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)

18:53 • 03.05.12

Այսօր՝ մայիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14–ի սահմաններում Էջմիածին–Արմավիր ավտոճանապարհի 4 կմ–ի հատվածում միմյանց են բախվել ՌԴ բնակիչ 59-ամյա Ալեքսանդր Ստենինի կողմից վարած «Տագեռ» մակնիշի E 500 MT համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ թիվ 24236 զորամասի պայմանագրային վարորդ 22-ամյա Մանուկ Դավթյանի կողմից վարած «Գազել» մակնիշի ՊՆ 1819 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Գազելը» շրջվել է։

 

Վթարի հետևանքով վարորդները և «Գազել»–ի ուղևորները՝ Երևան քաղաքի բնակիչ 31-ամյա Վահե Մուղդուսյանը և Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա Արմեն Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղափոխվել են Էջմիածնի քաղաքային հիվանդանոց։

 

Դեպքի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ դասակի հրանմանատար Գրիգոր Գրիգորյանի և ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։

 

Քննիչի որոշմամբ մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Էջմիածնի բաժնի տուգանային հրապարակ։
Դեպքի կապակցությամբ Ոստիկանության Էջմիածնի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի