6 կուսակցություններ ստորագրում են հայտարարություն ընտրությունների ընթացքը տեսանկարահանելու մասին
«Մենք` Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, Հայաստանի Կոմունիստական, Հայաստանի Հանրապետական, Օրինաց Երկիր կուսակցությունների ներկայացուցիչներս, կարևորելով 2012 Ազգային ժողովի ընտրությունների անցկացման որակը ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ և 67-րդ հոդվածների դրույթները որոշեցինք դրսևորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, և համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի և արդյունքների ամփոփման տեսանկարահանում` չխախտելով քվեարկության գաղտնիությունը:
Յուրաքանչյուր մասնակից կուսակցության վստահված անձի կատարած տեսանկարահանումը ըստ պահանջի կտրամադրվի մյուս մասնակից կուսակցությանը: Սույն հայտարարությանը կարող են միանալ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները»,– ասված է հայտարարության մեջ։
Նկատենք, որ հայտարարությանը չմիացած ԱԺ ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցություններն են «Միավորված հայեր» և «Ժառանգություն» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես դաշինքը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Tert.am–ի հետ զրույցում ԲՀԿ շտաբից հայտնել էին, որ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների օրը ԲՀԿ–ն բոլոր 1982 ընտրատեղամասերում կիրականացնի նկարահանում «08։00-ից մինչև վերջին քվեաթերթիկի հաշվումը»: Իսկ շտաբի պետ Վարդան Վարդանյանը նշել էր, որ դրա համար ԲՀԿ նախընտրական շտաբը որևէ գումար չի հատկացնելու, քանի որ այս մասով ծախս նախատեսված չէ:
«Մենք մեր ներկայացուցիչներին ասել ենք, որ ամեն մեկն իր սեփական օգտագործման տեսախցիկը բերի ու նկարի»,– պարզաբանել էր Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի վստահված անձը կամ ներկայացուցիչը կարող է տեսանկարահանել ընտրական պրոցեսը, բացառությամբ քվեախցից:
Նշենք նաև, որ Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժեր նշում էին, որ հնարավոր մեքենայությունները բացառող այս միջոցը խիստ թանկ հաճույք է:









