Ոչ Սարկոզին, ոչ Օլանդը վստահ չեն իրենց հաղթանակի վրա

14:14 • 03.05.12

Ֆրանսիայի նախագահ վերընտրվել ցանկացող Նիկոլա Սարկոզին ու նրա սոցիալիստ մրցակից Ֆրանսուա Օլանդն այսօր հայտարարել են, որ վստահ չեն մայիսի 6-ին կայանալիք երկրորդ փուլում իրենց հաղթանակի վրա, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

 

«Կարծում եմ, որ Ֆրանսիայում դեռ չի եղել մի ընտրություն, որի արդյունքն այսքան անկանխատեսելի լիներ: Ամեն ինչ կպարզվի միայն եզրափակչում»,- լրագրողներին ասել է Սարկոզին` հավելելով, որ հավատում է իր հաղթանակին:

 

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք հաղթել, մենք կհաղթենք»,- ասել է նա:


Օլանդն իր հերթին հայտնել է, որ ինքը դեռ չի հաղթել` չնայած առաջին փուլի արդյունքներով` նա է առաջատարը:

 

«Մենք դեռ չենք հաղթել: Քվեարկության հետ կապված դեռ հարցեր կան»,- ասել է նա` կոչ անելով իր կողմնակիցներին չթուլանալ և անպայման քվեարկել երկրորդ փուլում:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, երեկ մրցակիցները բանավիճել են ուղիղ եթերում: Հեռուստաբանավեճը տևել է մոտ 3 ժամ և անցել լարված մթնոլորտում: Կողմերը միմյանց անգամ վիրավորական արտահայտություններ են արել:

 

Ապրիլի 22-ին անցկացված ընտրությունների առաջին փուլում Սարկոզին ստացել էր ընտրողների 27%, իսկ Օլանդը` 28.6% ձայն: