Խոշոր ավտովթար Սյունիքում. Կա 2 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ)
Այսօր, մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժ 1.30–ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ անհատ ձեռներեց 45-ամյա Ժիրայր Սարգսյանը, վարելով «Օպել Սինտրա» մակնիշի Տ 9387 (21 ՍԼ 098) համարանիշի ավտոմեքենան, Գորիս–Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ–ում բախվել է համընթաց ընթացող Սիսիան քաղաքի բնակիչ 46-ամյա Գագիկ Գալստյանի վարած «Կռազ 256» մակնիշի 386 ՏՍ 54 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին։
Վթարի հետևանքով «Օպելի» վարորդ Ժ. Սարգսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամասի պայմանագրային զինծառայողներ Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Մկրտչյանը, Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 23-ամյա Արթուր Ավանեսյանը, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա Սեդրակ Սեդրակյանը, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա Գոռ Հովհաննիսյանը, Շիրակի մարզի Մարալիկ գյուղի բնակիչ 22-ամյա Շիրակ Հարությունյանը, Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 23-ամյա Արման Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Արդեն հիվանդանոցում Ա. Խաչատրյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ քաղաքացիների հետ։ Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարնեը՝ Գագիկ Շամշյանի









