Արմեն Գևորգյանն Արմավիրում մասնակցել է ջրագծի բացման արարողությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ: Փոխվարչապետը՝ մարզպետ Ա. Ղահրամանյանի, Էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ եղել է «Ակնալիճ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքներում, ծանոթացել ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին:
Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ա. Գևորգյանը պատասխանատուներին հանձնարարել է անհապաղ կասեցնել բոլոր տեսակի կողմնակի ջրօգտագործումները` ապահովելու ջրի անհրաժեշտ քանակություն`ոռոգման և էներգետիկ նպատակներով օգտագործելու համար:
Այցի ընթացքում փոխվարչապետը Մեծամորում մասնակցել է Այգեգործական թաղամասի (որը գտնվում է Մայիսյան համայնքի վարչական տարածքում) խմելու ջրագծի բացման արարողությանը:
Ջրագծի կառուցման և ջրամատակարարման ապահովման ծրագիրն իրականացվել է Արմավիրի մարզպետարանի, Մեծամոր եւ Մայիսյան համայնքների ֆինանսավորմամբ, աջակցություն են ցուցաբերել նաև բնակիչները:
Աշխատանքներն իրականացրել է «Նոր ակունք» ընկերությունը: Կառուցվել է 1500մ ջրագիծ, որի միջոցով նախկինում խմելու ջրի խնդիր ունեցող թաղամասը շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Ցանցին արդեն միացել է շուրջ 100 տնտեսություն, առաջիկայում թաղամասի բոլոր` ավելի քան 200 բաժանորդներն ապահովված կլինեն խմելու ջրով:
Փոխվաչապետը ողջունել է համատեղ, սեփական ուժերի համախմբմամբ համայնքային նշանակության նման կարևոր ծրագրի իրագործումը` դրական համարելով նաև բնակիչների անմիջական մասնակցությունն իրենց համայնքն ավելի բարեկեցիկ դարձնելու աշխատանքներին:









