Արտակ Սարգսյանը համոզված է իր հաղթանակում

17:25 • 04.05.12

Մեր զրուցակիցն է Արաբկիրն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը:


-Պարոն Սարգսյան, ի՞նչ ծրագրերով եք գնում Ազգային ժողով:


-Իմ ծրագրերը բազմազան են և վերաբերում են ամենատարբեր ոլորտներին՝ սոցիալական ապահովությանը, առողջապահությանը, տնտեսությանը, մշակույթին և այլն: Պատրաստվում եմ խորհրդարանում օգտագործել իմ փորձը և գիտելիքները՝ մեր քաղաքական թիմի կողմից իրականացվելիք տնտեսական և այլ բնույթի բարեփոխումների իրականացմանը նպաստելու համար: Հենց այստեղ եմ տեսնում իմ հիմնական առաքելությունը որպես պատգամավոր: Ինչ վերաբերում է մեր ընտրատարածքի շահերը երկրի օրենսդիր մարմնում ներկայացնելուն, ապա այստեղ ևս իմ անելիքները շատ հստակ են: Մենք նախատեսում ենք պարզեցնել, ավելի թափանցիկ ու առարկայական դարձնել ՏԻՄ-քաղաքացի փոխկապակցվածությունն ու համագործակցությունը, ստեղծել գործող արդյունավետ մեխանիզմներ , որոնք հնարավորություն կտան ստանալու, վերլուծելու և արձագանքելու համայնքի քաղաքացիներին մտահոգող, նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները:


-Կխնդրեինք ամփոփել անցնող քարոզարշավը թիվ 4 ընտրատարածքում, որտեղ Դուք առաջադրված եք որպես ԱԺ մեծամասնական թեկնածու: Ինչպե՞ս կգնահատեիք այն:


-Կարծում եմ` ընդհանուր առմամբ բավականին քաղաքակիրթ, հավասարակշռված քարոզարշավ էր: Բոլոր թեկնածուները հնարավորություն ունեին ներկայանալու իրենց ընտրողներին սեփական ծրագրերով և անելիքներով, պատմելու արած գործերի ու անցած ուղու մասին: Ինքս առաջնորդվել եմ քաղաքական մշակույթի եվրոպական չափանիշներով` իրականացնելով իմ առավելությունների վրա հիմնված քարոզչություն: Ցավոք, ոչ բոլոր թեկնածուներին հաջողվեց հավատարիմ մնալ այս սկզբունքներին, և մենք ականատես եղանք նաև այլ դրսևորումների, որոնց միջոցով դրանց հեղինակներն ընդամենը փորձում էին պարարտ հող նախապատրաստել իրենց կանխատեսելի պարտությունը գոնե ինչ-որ կերպ հանրության առաջ արդարացնելու համար: Չէի ցանկանա որևէ լրացուցիչ գնահատական տալ այս երևույթին, վստահ եմ` ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը:


-Ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունները:


-Արդեն նշեցի, որ ես իմ թիմի հետ միասին վարել եմ բավականին ակտիվ քարոզարշավ` օգտագործելով բոլոր քաղաքակիրթ մեթոդները` արտաքին գովազդ, բուկլետներ, հեռուստատեսություն, համացանց, հանդիպումներ և այլն: Կարծում եմ` ընտրողը լիարժեք հնարավորություն է ստացել ծանոթանալու իմ կատարած գործերի և ծրագրերի հետ ու կայացնելու իր որոշումը:


Յուրաքանչյուր ոք, ով որևէ առնչություն ունի Արաբկիր համայնքի հետ, տեղյակ է թեկնածուների վարկանիշերի և ուժերի իրական դասավորության մասին: Արաբկիրցին ծանոթ է յուրաքանչյուրի անցյալի ու նաև ներուժի հետ, գիտի` ով կարող է ըստ արժանվույն ներկայացնել իրեն խորհրդարանում: Ինքս համոզված եմ, որ մենք անցկացնելու ենք աննախադեպ օրինակելի, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ, որոնց ընթացքում անգամ խոշորացույցով հնարավոր չի լինելուականտես լինել որևէ խախտման: Սիրով հրավիրում եմ բոլորին, այդ թվում` տեղական և միջազգային դիտորդներին, մոնիթորինգ իրականացնել մեր ընտրատարածքում և իրենց անաչառ գնահատականներով արձանագրել վերը նշված պատկերը:


Տարատեսակ սոցիոլոգիական և ինտերնետային հարցումները, հարցախույզները ցույց են տալիս, որ մենք հասել ենք մեր նպատակին` արժանացել ենք արաբկիրցու համակրանքին: Մենք գնում ենք միայն հաղթանակի, որը լինելու է ընտրողի հաղթանակը: