ՀՅԴ-ն չունի առաջնորդ և ամբողջ թիմով գնաց քարոզարշավի. Արտյուշա Շահբազյան
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը չունի առաջնորդ և ամբողջ թիմով է իրականացրել ՀՅԴ նախընտրական քարոզարշավը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանը:
«Մենք ամբողջ թիմով ենք գնացել քարոզարշավի, և մենք այն ուժն ենք, որ չունենք առաջնորդ: Մեզ ոչ մի տեղ չեն կշտամբել, թե խոստում ենք տվել ու չենք արել: Շատ տեղերում ենք եղել ու անցկացրել մեր քարոզարշավը»,- ասաց Արտյուշա Շահբազյանը:
Նախընտրական մրցակցությունը, ըստ նրա, մեկ լավ կողմ է ունեցել. դա այն է, որ ոչ ոք չհայհոյեց և ամեն ինչ անցավ կոռեկտության մթնոլորտում:
Հարցին, թե՝ ինչ տարբերություններ կա ՀՅԴ նախընտրական ծրագրի և մյուս կուսակցությունների ծրագրերի միջև, Արտյուշա Շահբազյանն ասաց. «Ես համակարգված ոչ մի ծրագիր չեմ տեսել: Ասում են՝ այսպե~ս կանենք, այնպե~ս կանենք, սակայն համակարգված ոչ մի ծրագիր չենք տեսել: Հետո մենք ասում ենք այն՝ ինչ ասել ենք նախորդ տարիների ընթացքում»,-նկատեց ՀՅԴ ներկայացուցիչը։
Արտյուշա Շահբազյանը նաև նշեց, որ իրենք խորհրդարանում միշտ արծարծել են աշխատավարձերի բարձրացման, արտահանման խրախուսման հարցեր, սակայն իշխող կուսակցությունները մշտապես դեմ են քվեարկել:
«Ի՞նչ է, այն ժամանակ դեմ էին քվեարկում, հիմա պետք է կողմ քվեարկե՞ն: Մեր նախընտրական ծրագիրը շատ հավակնոտ է, սակայն մենք գալիս ենք, որպեսզի իրականացնենք այդ ծրագրերը»,- ասաց Արտյուշա Շահբազյանը:
Հիշեցնենք, որ երկու օր անց` մայիսի 6-ին, Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր` համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև շուրջ 180 անհատներ` մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների թիվը նվազել է հասնելով 143 –ի, մյուս թեկնածուները հայտնել են ինքնաբացարկ:









