Ռոբերտ Քոչարյանը նախագահական ամբիցիաներ չի դրսևորել. Հրանտ Բագրատյան

17:10 • 04.05.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց, որ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտահայտել է նախագահ դառնալու իր ցանկությունը, բայց միևնույն ժամանակ նշեց, որ, գուցեև, փորձ է անում:

«Գուցե փորձ է անում, տեսնելու, թե ի՞նչ ռեակցիա կլինի: Կոնկրետ այսօր՝ կիմանա, որ ես դեմ եմ»,- ասաց Բագրատյանը:

 

Ապա հավելեց. «Չեմ կարծում, որ նախագահական ամբիցիաներ է դրսևորել: Նրանից է կախված Մարտի 1-ը, Քոչարյանը կատարվածի պատասխանատուն է՝ 100 տոկոսով: Ես չեմ կարծում, որ հայ հասարակությունը թույլ կգտնվի այնքան, որ շանս տա Քոչարյանին քաղաքականապես հայտ ներկայացնելու»:



ՀՀ նախկին վարչապետը նաև նկատեց.«Թող գա մեզ պատմի մարտի մեկը, տեսնենք ի՞նչ է արել, ինքը չի տվե՞լ, արդյոք, հրաման, որ կրակեն»:

Հրանտ Բագրատյանի խոսքով, տնտեսության մեջ առկա թերությունների համար նույնպես պատասխանատու է նաև Քոչարյանը:

«Նրա անձն ինձ քիչ է հետաքրքրում։ Այն թերությունները, որ մենք հայտնաբերեցինք հանրապետության տնտեսական քաղաքականության մեջ, որոշ չափով նաև Քորչարյանով են պայմանավորված»,– ավելացրեց նա:

 

Բագրատյանը միաժամանակ նկատեց, թե Սերժ Սարգսյանի օրոք վարվող տնտեսական քաղաքականությունը շատ ավելի վատն է, քան Քոչարյանի տնտեսական քաղաքականությունը: