Լարված իրավիճակ Մասիսում. ՀՀԿ և ԲՀԿ համակիրների միջև վեճից հետո մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

00:12 • 04.05.12

Այսօր՝ մայիսի 3-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում նախնական տեղեկություններով կրակոցներ են հնչել Հայաստանի հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրների միջև՝ Մասիսի սրճարաններից մեկում տեղի ունեցած վեճի ժամանակ։

Ինչպես Մասիսից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Մասիսի կենտրոնական փողոցի վրա գտնվող «Եվրո+» բացօթյա սրճարանի մոտ են հավաքվել մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ։ Այստեղ են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր (ՔՀԳՎ), Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների 1 տասնյակից ավելի աշխատակիցներ՝ ՔՀԳՎ պետի տեղակալ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Ողջ տարածքը հսկվում է Ոստիկանության Հատուկ նշանակության վարչության աշխատակիցների կողմից, ովքեր դիմակավորված են և զինված ինքնաձիգերով։

Դեպքի վայրում օպերատիվ աշխատանքները ղեկավարում են Սամվել Ասատրյանն ու Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանը։

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մոտավորապես 1 ժամ առաջ տեղեկություններ են ստացվել, որ նշված սրճարանում վիճաբանություն է տեղի ունենում, և, ըստ տեղեկությունների, հնչել են նաև կրակոցներ։


Այս պահին նշված փողոցը մոտ 50 մ շառավղով ոստիկանական հատուկ ուժերի կողմից վերցված է ուժեղացված հսկողության տակ։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կրակոցներ հնչել են, թե ոչ, դա պետք է պարզի Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, սակայն կրակոցի հետքեր, մասնավորապես, վնասվածքի, ինչպես նաև կրակված պարկուճներ առայժմ չեն հայտնաբերվել։ Սակայն նշված վայրից մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ նա ոչ թե կրակոցի արդյունքում է վիրավորվել, այլ բութ առարկայից ստացված հարվածներից։
Ի դեպ, վիճաբանության վայրի հարևանությամբ են գտնվում ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ շտաբները, որոնք գտնվում են Մասիս քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտ։

Տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները։

Դեպքի վայրում է նաև Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի