Բին Լադենը ցանկացել է սպանել Օբամային և Պետրեուսին

11:51 • 04.05.12

Ուսամա բին Լադենի պակիստանյան ապաստանում հայտնաբերված փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես է «Ալ-Կաիդայի» հուսալքված առաջնորդը համառորեն փորձել կյանք ներշնչել թուլացող ահաբեկչական կազմակերպությանը, գրում է «Բի-Բի-Սի» -ն՝ վկայակոչելով ամերիկյան բանակի ներկայացուցիչներին:

 

Փաստաթղթերը հրապարակվել են համացանցում՝ ԱՄՆ-ի ռազմական ակադեմիային կից ահաբեկչության դեմ պայքարի Կենտրոնի կողմից:

 

Փաստաթղթերից պարզ է դառնում, որ Բին Լադենին մտահոգել են մուսուլմանների վրա հարձակումները և կոչ է արել պայքարել Միացյալ Նահանգների դեմ: Ենթադրվում է, որ «Ալ-Կաիդա» խմբավորման և Իրանի հարաբերությունները հաշտ չեն եղել: Փաստաթղթերում չկա ոչ մի խոսք այն մասին, որ Պակիստանը աջակցել է Բին Լադենին:

 

Նա ցանկացել է, որ մուսուլմանները չհրաժարվեն ջիհադի գաղափարներից: 2010 թվականի մի նամակում նա գրել է. «Սկսվում է մեր սխալների ուղղման ժամանակահատվածը: Դրա շնորհիվ մենք կարող ենք վերադարձնել նրանց աջակցությունը, ովքեր կորցրել են ջիհադի նկատմամբ իրենց հավատը»:

 

Փաստաթղթերից մեկը փաստում է, որ Բին Լադենը նամակ է գրել Պարսից ծոցի շրջանում գտնվող «Ալ-Կաիդայի» ներկայացուցիչներին՝ կոչ անելով նրանց հարձակվել ԱՄՆ-ի, այլ ոչ թե Եմենի կառավարության և բանակի վրա: Նա նաև պատրանքներ չի տածել սոմալիական «Ալ-Շաբաբ» արմատական խմբավորման հետ համագործակցության վերաբերյալ, որը նա համարել է վատ կազմակերպված խմբավորում:

 

Մյուս փաստաթղթերից հայտնի է դառնում է, որ Բին Լադենը հրամայել է իր ներկայացուցիչներին հնարավորություններ գտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ-ի բանակի գեներալ Դեվիդ Պետրեուսին սպանելու համար: Նա նաև նախազգուշացրել է իր ներկայացուցիչներին, որ նրանք զերծ մնան ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի սպանությունից, քանի որ «Բայդենը բացարձակապես պատրաստ չէ այդ (նախագահի) պաշտոնի համար»:

 

2011 թվականին գրված նամակներից մեկում նա գնահատում է արաբական գարունը որպես «կարևոր իրադարձություն» մուսուլմանների պատմության մեջ:

 

Նշենք, որ 6000 փաստաթղթերից հրապարակվել են ընդամենը 17-ը: