ԱՄՆ-ը խոսում է ՀՀՊ հարցում Ռուսաստանին իրավական երաշխիքներ տալու հնարավորության մասին
Վաշինգտոնն առաջին անգամ չի բացառել, որ ապագայում, հնարավոր է, Ռուսաստանին կներկայացվեն ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) տեղակայման շուրջ իրավական երաշխիքներ: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում ՀՀՊ-ի խնդրին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ պատվիրակության անդամ, Պետդեպարտամենտի` ռազմավարական կայունության ու հակահրթիռային պաշտպանության հատուկ պատվիրակ Էլեն Տաուշերը:
«Ռուսաստանն, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կարող են հասնել համաձայնագրի կնքման, սակայն դեռ չեմ կարող ասել` ինչ համաձայնագիր կլինի այն»,- ասել է նա:
Այս պահին ԱՄՆ-ը, Տաուշերի խոսքով, կարող է Ռուսաստանին ներկայացնել միայն քաղաքական երաշխիքներ` կրկին ՀՀՊ ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքումից հետո միայն:
«Այսօր մեր հարաբերություններում իրավիճակը փոխվել է` փոխադարձ ոչնչացման երաշխիքներից մինչև փոխադարձ կայունության երաշխիքներ»,- հավելել է ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչը:
Իր հերթին ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովն այդքան էլ լավատեսորեն չի արտահայտվել: Ամփոփելով համաժողովի առաջին օրվա արդյունքները, նա խոստովանել է, որ ՀՀՊ հարցի շուրջ պարզ լուծումներ չեն դիտարկվում:
«Մեր նպատակն էր ներկայացնել ռուսական կողմի գնահատականը ծրագրին: Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ մայիսի 20-ին, Չիկագոյում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կարող են ընդունվել ՀՀՊ ծրագրի շուրջ նոր որոշումներ: Սակայն մենք հավատում ենք մեր գործընկերների հետ պայմանավորվածության հասնելու հնարավորությանը»,- ասել է Մակարովը:
Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա Ռուսաստանը պատրաստվում է վատագույն սցենարին` ստեղծելով նոր ֆիզիկական սզբունքների վրա հիմնված զենք: Այն, վստահեցրել է Մակարովը, թույլ կտա ՀՀՊ տարրերը շարքից հանել` չոչնցացնելով դրանք:
«Գիտությունն ու տեխնիկան այնքան են առաջ գնացել, որ կարելի է շարքից հանել մեծ թվով տարրեր` չոչնչացնելով դրանք»,- ասել է նա:
Համաժողովը կշարունակվի նաև այսօր:
Մինչ այսօր այս հարցի շուրջ կառուցողական երկխոսություն վարել չի հաջողվել: Ռուսաստանը գտնում է, որ ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղակայումը Եվրոպայում սպառնում է իր տարածքի անվտանգությանն ու պահանջում իրավական երաշխիքներ: Օրերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել էր, որ եթե հարցի շուրջ առաջընթաց չլինի, ապա Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի:









