Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում կրկնակի ահաբեկչության հետևանքով 17 մարդ է զոհվել (տեսանյութ)

01:55 • 04.05.12

ՌԴ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ոստիկանական պահակակետի մոտ մայիսի 3-ին տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով զոհվել է 12 ՆԳՆ աշխատակից, 3 հրշեջ և 2 քաղաքացիական անձ: Ավելի քան 68 մարդ ծանր վիճակում է գտնվում, հաղորդում է life news պարբերականը:


Հաղորդվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել երևանյան ժամանակով ժամը 22:20 -ի սահմաններում, երկրորդը` 10 րոպե անց:


«Նախնական տեղեկատվությամբ, մարդատար ավտոմեքենան բախվել է «Ալյասկա -30» ոստիկանական պահակակետին և պայթել», - հաղորդել են Դաղստանի ՆԳՆ-ից:


Տասը րոպե անց, երբ դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը, ևս մեկ անձնասպան ահաբեկիչ գործարկել է երկրորդ ռումբը և պայթեցրել «Գազել» ավտոմեքենան:

Առաջին պայթյունին զոհ են գնացել ոստիկանները և զինծառայողները: Երկրորդ ահաբեկչությունը խլել է նաև հրշեջների և 2 քաղաքացիական անձանց կյանքը:

Ահաբեկչության հետևանքով 20 ավտոմեքենա է այրվել:


Վերջին տվյալներով 68 մարդ է վիրավորվել: Վիրավորներին տեղափոխում են տասնյակ շտապօգնության մեքենաներով: Հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել 38 մարդ, ևս 30-ը տեղափոխվել է օրթոպեդո- վնասվածքաբանության կենտրոն: 17 մարդ զոհվել է: