«Մենք շատ կարևոր ընտրական գործընթացի ականատեսը եղանք». ԵՀԽ անդամ
Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ Ռիկարդո Միլյորին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք շատ ուրախ են, որ Հայաստանում տեսնում են շատ լավ նախընտրական մթնոլորտ և ուրախ են, որ Հայաստանում կտեսնեն մրցունակ քարոզարշավ:
«Մենք տեսանք շատ կարևոր զարգացում, որը վերաբերում է հավասար քարոզարշավին և ես համոզված եմ, որ այն կիրակի օրը կարտահայտվի ազատ և ժողովրդավարական ընտրությունների տեսքով: Մենք շատ կարևոր ընտրական գործընթացի ականատեսը եղանք, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն հնարավորություն ուներ ելույթ ունենալ լրատվամիջոցներով»,- ասաց նա:
Միլյորին նաև նշեց, որ այս ընտրությունները շատ կարևոր հիմնաքար են լինելու Հայաստանի համար: Նա ընդգծեց, որ Հայաստանը եվրոպական երկիր է և իրենք Հայաստանում են որպես եվրոպական հասարակություն և ցանկանում են ընդգծել այս կապերը:
«Այստեղ ենք ի դեմս մեր պատմության և խորհրդարանի գործընկերների, որպեսզի քաջալերենք հայ ժողովրդին և այս երկիրը ունենա պայծառ ապագա»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է ԵՀԽ-ն արձագանքելու ընտրությունների օրը ընտրախախտումների արձանագրման դեպքում, ԵՀԽ-ի անդամ Ռիկարդո Միլյորին պատասխանեց. «Ընտրություններն ամբողջ Եվրոպայում տարբեր են: Մեր երկրներում նույնպես մեծ քննարկումներ են լինում ընտրական բարեփոխումների շուրջ: Մենք հուսով ենք, որ ամեն ինչ շատ լավ կլինի ու չենք կանխագուշակում: Մեր գործն այս օրերին այն է, թե ինչպես է երկրի իրավիճակը, բայց պետք է ստանանք այն բոլոր հիմքերը, որի համար, որ այդքան լավատես ենք այսօր»:
Անդրադառնալով ընտրացուցակներում առկա թերություններն՝ ԵՀԽ-ի մեկ այլ անդամ Մայքլ Քեմբեքը նշեց, որ դրանք ադմինիստրատիվ հարցեր են և կապ չունեն ընտրությունների հետ:
«Դրանք պետք է պարզեցվեն: Ցուցակն արդեն հրապարակվել է, բաց է կուսակցությունների համար և յուրաքանչյուր մարդ կարող է ցուցակը բեռնել և ստուգել: Եվ եթե պարզում է, որ իր մահացած հարևանը ևս առկա է ցուցակում, պետք է տեղեկացնել դրա մասին համապատասխան վայր»,– ասաց նա:
«Ուզում եմ նաև ասել, որ մի՛ եկեք դիտորդների մոտ ու պատմեք, որ շատ վատ է, ներկայացրեք մասնավոր դեպքեր, որոնք կարող են լուծում ստանալ»,- ասաց նա և հիշեցրեց, որ Հայաստանում աշխատում է թեժ գիծ, որտեղ կարելի է ահազանգել ցանկացած խախտման մասին:
ԵԽՀ անդամը նաև կոչ արեց ակտիվ լինել ընտրախախտումները արձանագրելու հարցում:









