Էդվարդ Նալբանդյանն ընդունել է և Ուրուգվայի արտգործնախարարին
Այսօր տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը:
Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանը և Ուրուգվայը գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, բայց Ուրուգվայը Հայաստանի և հայ ժողովրդի համար շատ մոտ և բարեկամական երկիր է: Ուրուգվայը առաջին երկիրն էր, որը դեռ 1965թ. ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և պատահական չէ, որ Ձեր պաշտոնական այցելությունը Հայաստան սկսեցիք հենց Ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ»:
Էդվարդ Նալբանդյանը նաև ասել է, որ Հայաստանը շատ շնորհակալ է Ուրուգվայի ժողովրդին, Ուրուգվայի ղեկավարությանը, որ բացել են իրենց դռները, ընդունել են Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, և հազարավոր հայեր են ապրում Ուրուգվայում, որոնց համար այդ երկիրը երկրորդ հայրենիք է դարձել: «Մեզ կապում են բավական սերտ եւ ջերմ հարաբերություններ»,– ասել է նա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Լուիս Ալմագրոն ընդգծել է, որ Ուրուգվայում ամենաջերմ զգացմունքներն են տածում հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ, ինչի վկայությունն է բազմահազարանոց հայկական համայնքի դերակատարությունը իր երկրի կյանքում, եւ ամուր միջպետական հարաբերությունները Հայաստանի հետ:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են երկկողմ հարաբերությունները առավել զարգացնելու ուղիների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Նախարարները պայմանավորվեցին հավելյալ ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունը, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը ամրապնդելու, առեւտրատնտեսական հարաբերությունները խթանելու, իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու նպատակով:
Էդվարդ Նալբանդյանի ու Լուիս Ալմագրոյի բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք շեշտվել է, որ միջնորդների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Նախարարի հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս:









