Էրզրումում ավարտվել է հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողովը
Էրզրումում ավարտվել է հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողով, որի մասնակից գիտնականները ամփոփիչ հայտարարությամբ են հանդես եկել:
Գիտաժողովին մասնակցել են ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի 11 ներկայացուցիչներ և 69 թուրք գիտնական:
Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, համաժողովի ընթացքում քննարկվել են երկու երկրների պատմական, քաղաքական, սոցիալական , տնտեսական, մշակութային հարաբերություններին առնչվող հարցեր:
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարևոր է ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ Կովկասում խաղաղության հաստատման համար: Պատմական իրադարձությունները չպետք է գործիք դառնան, դրանց պետք է օբյեկտիվ և գիտական մոտեցում ցուցաբերվի: Այդ նպատակով կարևոր է համատեղ և վստահելի ուսումնասիրության անցկացումը»,- ասված է հայտարարության մեջ:
Համաժողովի մասնակիցները կարևորել են 2005 թ-ին Հայաստանին պաշտոնապես ներկայացված պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկի իրագործումը:
«Երրորդ երկրները ռազմավարական հարցերում չպետք է օգտագործեն պատմական իրադարձությունները, քանի որ դրանով ոչ պատմական իրադարձությունների բացահայտմանը, ոչ էլ բարեկամության հաստատմանը չեն ծառայի: Մոտ ապագայում Հայաստանի գլխավորությամբ Կովկասի պետությունների պատմաբանները կհավաքվեն մի վայրում»,- ասված է հայտարարության մեջ:









