Եվրահանձնաժողովը բոյկոտում է Ուկրաինայում Եվրո-2012-ի անցկացումը

17:02 • 04.05.12

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները չեն այցելի ամռանն Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը` երկրում քաղաքական իրավիճակի ու նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված Յուլյա Տիմոշենկոյի հետ կապված վերջին դեպքերի պատճառով, այսօր հայտարարել է ԵՄ սպորտի եվրահանձնակատար Անդրուլա Վասիլիուն:

 

«Ես կիսում եմ առկա անհանգստությունները, այդ իսկ պատճառով որպես եվրոպական հանձնակատար, որը պատասխանատու է սպորտի համար, նպատակահարմար չեմ համարում ներկա գտնվել Ուկրաինայում անցկացվելիք խաղերին: Այս տեսակետը կիսում են և Եվրահանձնաժողովի նախագահը, և մյուս անդամները»,- ասել է նա:

 

Եվրահանձնակատարը, սակայն, հայտնել է, որ ներկա կլինի Լեհաստանում անցկացվելիք խաղերին:

 

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Եվրո-2012-ը բոյկոտելու կոչերը կառուցողական չեն ու չեն նպաստում Յուլյա Տիմոշենկոյի իրավիճակի բարելավմանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

 

Շուլցը հայտնել է, որ նա մշտական կապի մեջ է գտնվում ուկրաինական իշխանությունների հետ և «համառորեն աշխատում` համոզելու նրանց անել հնարավորը Տիմոշենկոյի համար»:


Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի նախագահն ասել է, որ եթե իրավիճակն անփոփոխ մնա, ապա նա նույնպես չի մասնակցի Ուկրաինայում կայանալիք խաղերին:


Ավելի վաղ Ուկրաինա չայցելելու մասին էին հայտարարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի, Բելգիայի, Նիդեռլանդների ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

 

ՈՒԵՖԱ-ն, սակայն, օրերս հայտարարեց, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վայրի փոփոխություն չի նախատեսում, և խաղերը կանցկացվեն` ըստ նախատեսվածի:

 

Ուկրաինական իշխանություններն էլ իրենց հերթին հայտնել են, որ բոյկոտը գնահատում են որպես երկրի հանդեպ «սառը» պատերազմ:


Նախորդ շաբաթ 7 տարվա ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն բանտից հիվանդանոց ճանապարհին ծեծի էր ենթարկվել բանտի աշխատակիցների կողմից, ինչից հետո կրցրել էր գիտակցությունը: Նա հացադուլ է հայտարարել` ի նշան բողոքի: