Անիմաստ է պայքարել ԲՀԿ-ի դեմ, մեր թիրախը ՀՀԿ–ն է. Հրանտ Բագրատյան
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ պետք չէ պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ, քանի որ տնտեսության մեջ հիմնական բաժինը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
«Մեր թիրախը Հանրապետականն է: Մենք չենք կարող հազար ուժի դեմ պայքարել, 95 տոկոսը թողած պայքարելու ենք 5 տոկոսի՞ դեմ»,- նշեց Բագրատյանը, պարզաբանելով, որ տնտեսության շրջանառության մեջ ԲՀԿ-ն ունի ընդամենը՝ 5 տոկոս:
Իսկ այն լուրերը, թե ՀԱԿ-ը ավելի շատ ԲՀԿ-ի PR-ն է անում, կամ ձայն է հավաքում ԲՀԿ-ի համար, Հրանդ Բագրատյանը անեկդոտ համարեց:
«ՀԱԿ-ը որևէ ձևով ԲՀԿ-ին ձայն չի տվել, այդ անեկդոտները պետք է մոռանալ»,- խորհուրդ տվեց նա:
ՀՀ նախկին վարչապետը նկատեց, թե ՀՀԿ–ի ներսում չկա քննադատություն և չկան գրագետ մարդիկ:
«Կուսակցության ներսում չկա քննադատություն։ Դրանք ողորմելի մարդիկ են, դրանցից պետք է ազատվել, չկա մարդ, որ կարդում է մի բան, չկա մեկը, որ գրագիտություն ունենա»- իր կարծիքը հայտնեց Բագրատյանը:
«ՀՀԿ-ի պատճառով անկման եզրին հայտնված երկիրը՝ Հայաստանը, մի օր կարժանանա արտաքին ագրեսիայի, որովհետև նման կարգի երկիր ոչ մեկին հետաքրքիր չէ»,- եզրափակեց իր խոսքը նախկին վարչապետը:









