Ռուս հաշմանդամին թույլ չեն տվել իր ծննդյան օրը նշել ակումբում

11:38 • 04.05.12

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում անվասայլակով հաշմանդամին թույլ չեն տվել իր ծննդյան օրը նշել ակումբում, հայտնում է ռուսական «Առաջին ալիք»-ը: Ալեքսանդր Մոկինը նախապես սեղան էր պատվիրել քաղաքի ակումբներից մեկում ու աշխատակիցներին զգուշացրել իր կարգավիճակի մասին, սակայն, երբ ծննդյան օրն այցելել է այնտեղ, նրան մուտքի մոտից հետ են ուղարկել` ասելով, որ նրա ներկայությունը կարող է «վախեցնել» ակումբի այցելուներին:

 

«Ինձ ակումբի անվտանգության աշխատակիցներն ասացին, որ մուտքն իմ համար փակ է, իսկ երբ կանչեցի տնօրինության ներկայացուցչին, նա ասաց, որ ես իմ տեսքով կարող եմ շփոթեցնել ներկաներին»,- պատմել է հաշմանդամը:

 

Ուշագրավն այն է, որ ակումբի մուտքի մոտ հատուկ թեքավանդակներ են կառուցվել հաշմանդամների համար: Բարձրացված աղմուկից հետո, տնօրինությունն իր ներկայացուցչին հեռացրել է աշխատանքից:

 

Տուժածը պատրաստվում է դատարան դիմել: Նա ակումբից բարոյական փոխհատուցում է պահանջում:

 

«Գումարի չափը կարևոր չէ, կարևորն այն է, որ ուրիշները չհայտնվեն նման իրավիճակում»,- ասել է տղամարդը: