Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը. առաջինը քվեարկել է այաթոլա Խամենեին
Իրանում այսօր առավոտյան մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը: Առաջիններից մեկը քվեարկել է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին, հայտնում է IRNA գործակալությունը:
Օրենքի համաձայն` քվեարկությունը կտևի մինչև ժամը 18.00-ն, սակայն անհրաժեշտության դեպքում` Ներքին գործերի նախարարը կարող է երկարաձգել քվեարկության տևողությունը:
33 շրջաններից առաջադրված 130 թեկնածուներից խորհրդարան կանցնեն միայն 65-ը:
Իրանում ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 2-ին: Իսլամական պետությունում խորհրդարանական ընտրություններ անցկացվում են 4 տարին մեկ անգամ: Նախորդ` 8-րդ գումարման խորհրդարանի ընտրություններն անցկացվել էին 2008-ի մարտի 14-ին: Ալի Լարիջանիի նախագահությամբ ներկայիս խորհրդարանում ներկայացված է 290 պատգամավոր:
Մինչ նստաշրջանի բացումը, պատգամավորները երդվում են` մուսուլման պատգամավորները երդվում են Ղուրանի վրա, իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` իրենց կրոնի սուրբ գրքերի վրա:
Իրանում ընտրելու իրավունք ունի 48 մլն մարդ:









