Սա 18 տարվա մեջ առաջին հաղթանակն էր վարչախմբի նկատմամբ. Սեֆիլյանը Մաշտոցի այգու մասին
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նկատում է, որ այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 1-ին Մաշտոցի պուրակում, չէր եղել 18 տարվա ընթացքում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ կարծում է՝ սրանով ժողովրդին ընտրության հնարավորություն ընձեռվեց, ինչից ժողովուրդը մշտապես զրկված է եղել:
«Այդպիսի բան չէր եղել 18 տարիների ընթացքում, բազմաթիվ բախումներ են եղել, բայց ոչ մի անգամ տեղի չի ունեցել հասարակության հաղթանակը՝ իշխող վարչախմբի նկատմամբ: Սա առաջին հաղթանակն է»,– ասաց նա:
«Մեր փայլուն երիտասարդությանը հաջողվեց ընտրության հնարավորություն տալ ժողովրդին: Մայիսի 1-ից հետո այդ ընտրության հնարավորությունը հստակ երևում է»,- ավելացրեց Սեֆիլյանը:
Նա համոզված է, որ մայիսի 1-ը տեղի ունեցավ շնորհիվ նոր որակ ունեցող երիտասարդության, ուստի նրանց կոչ արեց.«Գուրգուրե՛ք մաշտոցյան հաղթանակը, որը ես վստահ եմ, որ հաջողություն է ունենալու»։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը միաժամանակ նկատեց, որ մաշտոցյան հաղթանակում որևէ կարևորություն պետք չէ տալ նախագահ Սերժ Սարգսյանի քայլին:
«Պետք չէ կարևորել՝ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին եկավ- չեկավ, պետք չէ սրան նշանակություն տալ: Կարևորն այն փաստն է, որ երիտասարդներն ինչ խնդիր դրել էին իրենց առաջ՝ իրականացավ: Մաշտոցի պուրակը մաքրվեց հայտնի տաղավարներից՝ դրանով իսկ սկիզբ դնելով մեր երկիրը կեղեքող օլիգարխիկ համակարգի մաքրմանը»:
Հարցին՝ արդյո՞ք սա նախընտրական PR-էր, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ համաձայն չէ նման դիտարկման հետ:
«Այս ռեժիմի պարագլուխների կողմից որևէ PR-ի փորձ անիմաստ է, քանի որ ժողովուրդն արդեն նրանց մասին ունի իր հստակ կարծիքը: Այս վերնախավը ոճրագործ է, այս վերնախավը հակահայ վերնախավ է, որը կեղեքում է մեր ժողովրդին»,- ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:









