Ընտրողների մեծ մասը դեռ չի կողմնորոշվել. hոգեբան
Գալիք խորհրդարանական ընտրությունների մնում է երկու, սակայն թեկնածուների մեծ մասը չի կարողացել ներկայանալ ընտրողներին, և հասարակության մեջ մեծ թիվ են կազմում դեռևս չկողմնորշված ընտրողները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Ըստ նրա՝ այս ընտրարշավն անցել է շատ խաղաղ, ինչը դրական է, որովհետև Հայաստանի համար առաջնային է կայունությունը։
«Ընտրական քարոզչությունն անցավ առանց լուրջ դեբատների, հիմնականում թեկնածուները հանդիպում էին մարդկանց: Մենք հիմնականում հեռուստատեսային գովազդի և լավագույն դեպքում հարցազրույցների ականատես եղանք, բայց չհանդիպեցինք տարբեր ուժերի գաղափարական մրցակցության»,- ասաց կարինե Նալչաջյանը:
Ընտրակաշառքների թեմային անդրադառնալով՝ հոգեբանը նշում է, որ տպավորություն է ստեղծվում, թե ընտրությունները միայն ընտրակաշառքներն էին, և կուսակցությունների գաղափարները չէին երևում:
«Տպավորություն ստեղծվեց, որ ընտրությունները միայն դրա համար էին, դրա կողքին չերևացին տարբեր կուսակցությունների գաղափարները: Բայց, քանի որ ասվեց, որ բոլորը բաժանում են, կաշառքը դադարեց գործոն լինել»,- ասաց հոգեբանը:
Կուսակցությունների քարոզարշավների մասին խոսելով՝ Կարինե Նալչաջյանն ասաց, որ առաջատարներ կան,և որ հիմնականն իշխող` Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է:
«Որոշակի համակրանք կա նաև ԲՀԿ-ի նկատմամբ, ՕԵԿ-ին նորից հաջողվեց համակիրներ գտնել նրա շնորհիվ, որ իրենք ներկայանում են կոռեկտ, կիրթ մարդկանց դեմքերով, և եթե այսօր ընտրարշավը չավարտվեր, նրանք կավելացնեին իրենց ընտրաձայները»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ` համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև շուրջ 180 անհատներ` մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների թիվը նվազել է հասնելով 143 –ի, մյուս թեկնածուները հայտնել ինքնաբացարկ:









