Մախաչկալայում պայթյունների վիրավորների թիվը հասել է 110-ի

08:41 • 04.05.12

ՌԴ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ոստիկանական պահակակետի մոտ երեկ ուշ երեկոյան իրականացված պայթյունների զոհերի թիվը հասել է մոտ 110-ի , հայտնել են ոստիկանությունից: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության` պաշտոնապես հաստատվել է 15 զոհի մասին տեղեկությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի, 68 վիրավորի մասին:


«83 մարդ հոսպիտալացվել է, ևս 26-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում»,- հայտնել են իրավապահները:

 

Առաջին պայթյունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 22.20-ի սահմաններում, 10 րոպե անց որոտացել է երկրորդ պայթյունը: Նախնական տվյալներով` Մախաչկալայից դեպի Ստավրոպոլի երկրամաս ճանապարհին` ոստիկանական պահակակետի մոտ, մահապարտն իրեն պայթեցրել է մեքենայում: Սակայն, երբ ժամանել է հրշեջ-փրկարարական մեքենան, որոտացել է նաև երկրորդ պայթյունը:

 

Իրավապահների համաձայն` դեպքի վայրում, զոհերի դիերից բացի, հայտնաբերվել են մի տղամարդու և կնոջ դիերի մասեր, որոնք հնարավոր է` հենց մահապարտների դիերն են:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, առաջին պայթյունին զոհ են դարձել ոստիկաններ ու զինծառայողներ: Երկրորդ ահաբեկչությունը խլել է նաև հրշեջների և քաղաքացիական անձանց կյանքեր: Ահաբեկչության հետևանքով այրվել է 20 ավտոմեքենա: