Այս նախընտրական շրջանը տարբերվեց իրական մրցակցությամբ. Մարկարով

15:06 • 04.05.12

Ի տարբերություն նախորդ նախընտրական շրջանների, այս անգամ մենք իրական մրցակցության ականատեսը դարձանք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:


«Այս նախընտրական շրջանը տարբերվեց իր դասական մրցակցությամբ (կա և իշխանություն, և ընդդիմություն, որոնց միջև պայքար է ընթանում)»,- ասաց Մարկարովը` հավելելով, որ կարելի է առանձնացնել մրցակցային մի քանի մակարդակներ:

 

Առաջինը, ըստ նրա, ներկոալիցիոն պայքարն է, որը բացահայտ կերպով դրսևորվեց այս նախընտրական քարոզարշավի ժամանակ, և բնականաբար, «քաղաքական ծանրքաշայիններն են Հայաստանի Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները»:

 

«Այն ակնկալիքը, թե խաղին լուրջ մասնակցություն կունենա արտախորհրդարանական ընդդիմությունը, արդարացվեց միայն մասամբ, սակայն այն չէր, ինչ 2008թ.-ին»,- ասաց նա` հավելելով, որ դրան նպաստեցին մի քանի գործոններ, այդ թվում և այն, որ Հայ Ազգային կոնգրեսը թուլացրեց իր դիրքերը:

 

«Մի կողմից դա 4-ամյա պատմությունն է, մյուս կողմից`  ծայրահեղական հռետորաբանության որոշ չափով նվազումը, և այն հանգամանքը, որ կոալիցիոն ուժերից մեկը մասամբ փորձեց «խաղալ» ընդդիմադիր դաշտում: Այս պատճառով ձայների այն մասը, որը պետք է ուղղվեր ՀԱԿ-ին, ինչ-որ չափով փոխանցվեց ԲՀԿ-ին»,- ասաց նա:

 

Մրցակցության 2-րդ մակարդակը` իշխանության ու ընդդիմության միջև դասական պայքարն է, 3-ը` իրենց ընդդիմադիր համարող ուժերի միջև որոշ չափով մրցակցությունը:

 

«Այստեղ, բնականաբար, առանձնանում են ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ն ու ՀՅԴ-ն»,- ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենը:



Նրա խոսքով` այսօր շատ դժվար է խոսել այն մասին, թե ինչպես է ընթացել պայքարը դեռ չկողմնորոշված ընտրողի համար:

 

«Յուրաքանչյուր կուսակցություն ուներ իր հիմնական ընտրազանգվածը, որը, ամենայն հավանականությամբ, չի փոխել իր քաղաքական դիրքորոշումը, սակայն տարբեր ժամանակահատվածներում մենք ունեցել ենք 25 - 30% չկողմնորոշված ընտրող»,- ասաց քաղաքագետը:

 

Ըստ նրա` ընդհանուր առմամբ, նախընտրական շրջանը եղել է կոռեկտ, որոշ դեպքերում` նույնիսկ կառուցողական, առանց խոշորածավալ սև փիառի մեխանիզմների կիրառման: 

 

«Այն, ինչ մակերեսորեն տեսանք, ընդհանուր առմամբ տեղավորվում է քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավի շրջանակում: Այս նախընտրական շրջանում օգտագործվեցին դասական նախընտրական մեթոդներ` հանրահավաքներ, ընտրողների հետ հանդիպումներ, և քիչ ուշադրություն դարձվեց այլ միջոցներին, թեև կարելի է ընդգծել մեկ նորարարության` օնլայն տեխնոլոգիաների առավել ընդարձակ կիրառման մասին»,- ասաց Մարկարովը:


Այս շրջանի ևս մեկ յուրահատկությունը, ըստ փորձագետի, քաղաքական կուսակցությունների առաջնորդների կողմից նախընտրական քարոզարշավի ընդգծված անցկացումն էր, որը երբեմն այնպիսի տպավորություն էր ստեղծում, որ խոսքը ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրությունների մասին է: