Ժողովուրդն իր գնահատականը կտա «Ժառանգություն» կոչվող կլոունադային. Նաիրա Զոհրաբյան

12:44 • 04.05.12

Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին մնացել է երկու օր, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեկ վայրկյան, իսկ չի կասկածում, որ ժողովուրդն իր գնահատականը տալու է ««Ժառանգություն» կոչվող «կլոունադային և ֆարսին»: Այս մասին ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն հայտարարեց Tert.am-ի հետ զրույցում:


Հիշեցնենք, որ «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, երեկ «Ժառանգության» հանրահավաքին անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ անձրևի պատճառով ընդհատված հանրահավաքին, հայտարարել էր.«Ամեն ինչ տեսել էինք, ֆեոդալիզացիա չէինք տեսել: Մատենադարանի դիմաց ավտոբուսներով բոլոր ծայրերից բերել էին՝ ֆեոդալներին սպասարկելու համար: Նման հոծ զանգված 88-ից հետո չէինք տեսել, փառք Աստծո, բնությունն ըմբոստացավ ու թույլ չտվեց, որ զավեշտը շարունակվի»:


Ի պատասխան հնչած ելույթի ԲՀԿ ներկայացուցիչ Ն. Զորաբյանը նկատեց. «Ի վերջո, նույն այդ կլոունադայի ու ֆարսի ներկայացուցիչներն են փաստում, որ 88-ից այս կողմ նման հոծ զանգված չէր եղել: Սա է «Բարգավաճ Հայաստանի» իրական վստահությունն ու կշիռը, ի տարբերություն կլոունադա «Ժառանգության», որի հանդիպումներին մասնակցում են՝ «Ժառանգություն» գումարած «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները, գումարած երկու-երեք լրագրող»:
Երեկ տարբեր լրատվամիջոցներ հաղորդում էին, որ անձրևի պատճառով ընդհատված ԲՀԿ հանրահավաքից հետո որոշ խմբեր մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ հայտնեց, թե՝ «մամուլով և կայքերով շրջանառվող այս՝ խիստ հրահանգավորված տեղեկությունը» իրականությանը չի համապատասխանում: