Հայ գործարարներին կոչ են անում ներդրումներ կատարել ՀՀ սահմանամերձ գյուղերում
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր Բաց նամակով դիմել են հայ գործարարներին՝ կոչ անելով ներդրումներ կատարել Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքներում, մասնավորաբար, Տավուշի մարզի Դովեղ և Այգեպար համայնքներում:
Նամակագիրները նկատում են, որ Հայաստանի սահմանամերձ շատ գյուղական համայնքներում գնալով պակասում է բնակչության թիվը, ինչի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է:
«Եթե այսպես շարունակվի, սա կարող է լուրջ վտանգ դառնալ ազգային անվտանգության տեսանկյունից: Կան համայնքներ, որտեղ արտագաղթի պատճառներից է ոչ միայն գործազրկությունը, այլև թշնամու գնդակոծությունները, ինչը վտանգում է տեղական բնակչության ֆիզիկական գոյությունը: Ուստի, հաշվի առնելով տեղում հայաթափումը կանխելու և ավելի հզորանալու անհրաժեշտությունը` կոչ ենք անում ներդրումներ կատարել Տավուշի մարզի Դովեղ և Այգեպար համայնքներում, ինչը տեղի բնակչությանը կկապի իր հողին:
Խնդրով մտահոգ նամակագիրները տեղեկացնում են, թե.«Մենք ունենք շատ մոտավոր պատկերացումներ ներդրումների ոլորտների մասին, ըստ մեզ, դրանք հետևյալն են. հանքարդյունաբերություն, պահածոյագործություն, կաթնամթերքի արտադրություն, տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում: Խնդրում ենք, որպեսզի ձեր կողմից իրականացվի պրոֆեսիոնալ ուսումնասիրություն: Մենք կարող ենք համատեղել հայրենասիրությունը և բիզնես շահերը»,– ասվում է նամակում:









