Օսկանյանը բացատրում է, թե ինչու այսօր քննադատում է, իսկ նախկինում՝ ոչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը հաստատում է, որ 2007թ-ին ցանկացել է դուրս գալ կառավարությունից և անդամակցել ԲՀԿ-ին։
«Իսկապես կար այդ խնդիրը, և Քոչարյանն ինձ ասաց՝ կուզեր, որ ես մնայի, քանի որ ղարաբաղյան բանակցությունները կրիտիկական կետում էին գտնվում։ Կային նաև բազմաթիվ այլ հարցեր, և ինձ ասաց, որ «լավ կլինի մնաս», ես էլ, բնականաբար, համաձայնեցի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում , պատասխանելով վերջիններիս հարցին, ասաց Վարդան Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարը հավատացնում է, որ այդ ժամանակ ինքն արդեն գիտեր իր հետագա անելիքների մասին:
«Ես տասը տարի առաջ ասել եմ, որ թողնելու եմ, և ես տասը տարի առաջ տեսա, որ մեր խնդիրները դրսում չեն, այլ ներսում են: Ես ուզում էի դա անել և ուրախ եմ, որ ինձ այդ հնարավորությունը տրվել է և ես բաց ճակատով դա կարող եմ անել»,– ավելացրեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ հենց իր կողմից ներկայումս հնչող քննադատությունները նախկինում չէին հնչում, Օսկանյանը հակադարձեց. «Ի՞նչ է, եթե նախկինում չկար, այսօր չպետք է՞ բարձրաձայնել»: Ապա բացատրեց. «Ես ինչ-որ պահի, իրոք, հասկացել եմ, որ երկրում խնդիր կա և ես պետք է կառավարությունից դուրս գամ, որպեսզի բաց ճակատով քննադատեմ այդ բոլորը, և ես դա արել եմ 2008-ին»:
Այժմ էլ նախկին արտգործնախարարն ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չկա մի մարդ, որ պաշտոն չունենա: «Չկա այդպիսի մարդ, ես նայել եմ, մոմով եմ նայել, չկա, միակը՝ ես եմ: Իսկ եթե կարծում եք, որ ամենից անարժանը ես էի, որին պաշտոն չառաջարկեցին, սխալվում եք, ինձ ոչ թե առաջարկեցին, այլ աղաչեցին»,– ընդգծեց Օսկանյանը:
«Իմ՝ 2008-ին իշխանության մեջ չլինելու հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ ես դժգոհ էի իշխանության ներկա վիճակից , հատկապես, ներքաղաքական, և ես հրաժարական եմ տվել, բաց ճակատով քննադատում եմ և քննադատելու եմ՝ մինչև Հայաստանում հասնենք իսկական փոփոխությունների»,- ավելացրեց Վարդան Օսկանյանը:
Արդյո՞ք, Ռոբերտ Քոչարյանի ելույթը վերաբերում էր իշխող ուժի վարած տնտեսական վատ քաղաքականությանը, թե՞ այլ քաղաքական ենթատեքստեր կարելի է փնտրել՝ լրագրողներից մեկի հարցին, Օսկանյանը պատասխանեց՝ խորհուրդ տալով հարցն ուղղել հենց Քոչարյանին։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական թեմային, նա նշեց, որ այդ դեպքում երկրորդ նախագահը նույնիսկ մեղմ է ասել:
«Շախմատային քաղաքականությանն» ուղղված Քոչարյանի գնահատականին նույնպես Օսկանյանը չպատասխանեց, նշելով, որ շախմատին լավ չի տիրապետում:









