Հեռուստաբանավեճը չբարելավեց Սարկոզիի դիրքերը. առաջատարը դեռ Օլանդն է
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլից 2 օր առաջ նախագահ վերընտրվել ցանկացող Նիկոլա Սարկոզին կրկին զիջել է դիրքերն իր մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով չորեքշաբթի տեղի ունեցած հեռուստաբանավեճից հետո անցկացված սոցհարցումները:
Harris Interactive-ի հարցման տվյալներով` Օլանդի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացիների 53 %-ը, իսկ գործող նախագահի օգտին`47 %-ը: Սակայն ապրիլի վերջին անցկացված հարցման արդյունքների համեմատ, բանավեճը 2%-ով բարձրացրել է Սարկոզիի հեղինակությունը:
Հարցվածների 31%-ի կարծիքով` հեռուստաբանավեճի ժամանակ առավել վստահորեն է խոսել Օլանդը, 29%-ի կարծիքով էլ` վճռորոշ ընտրություններում կհաղթի Սարկոզին:
Հեռուստաբանավեճից հետո, նման արդյունքներ է ներկայացրել նաև CSA ընկերությունը, որը նույնպես սոցհարցում է անցկացրել: Հարցման համաձայն` Օլանդի օգտին պատրաստ է քվեարկել 53%-ը, իսկ Սարկոզիի օգտին`47%-ը:
Ընտրությունների 2-րդ փուլը կկայանա մայիսի 6-ին: Ապրիլի 22-ին անցկացված առաջին փուլի տվյալներով` Օլանդի օգտին քվեարկել էր ընտրողների 28.63, իսկ Սարկոզիի օգտին` 27.18% -ը:









