Ընտրություններին մասնակցող 8 ուժերից 5-ը համագործակցում են աղանդավորների հետ. Ալեքսանդր Ամարյան

12:45 • 04.05.12

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 8 կուսակցություններից 5-ը, բացի «Միավորված հայեր», Հայաստանի Հանրապետական, Հայաստանի կոմունիստական կուսակցություններից, համագործակցում են աղանդավորական կառույցների հետ, այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

 

Հարցին, թե որտեղի՞ց են այս տեղեկություններն հայտնի իրեն, վերջինս նախընտրեց չնշել, փոխարենը, հավաստիացրեց՝ «արժանավահատ աղբյուրներից»:

Անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եղել է «Կյանքի խոսք» աղանդի Քանաքեռում կառուցվող եկեղեցու տարածքում, Ալեքսանդր Ամարյանն ասաց.«Արթուր Բաղդասարյանը «Կյանքի խոսք»-ի եկեղեցու տարածքում չի եղել»:



Խոսելով «Ժառանգություն» կուսակցության «աղանդավորական կապերի մասին»՝ նա նկատեց, թե «Ժառանգությունը» համագործակցում է աղանդների հետ և իբրև ասվածի ապացույց ասաց՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Կյանքի խոսք»-ը և Ավետարանչական եկեղեցին հայտարարել են, որ սատարելու են «Ժառանգություն» կուսակցության անդամ, թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Զարուհի Փոստանջյանին:

 

Ալեքսանդր Ամարյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ սոցիալական ցանցերից մեկում դարձյալ հայտնվել էր նման տեղեկություն, թե աղանդավորական կառույցները աջակցելու են «Ժառանգություն» կուսակցությանը:

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ աղանդավորական կառույցներն ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին»,- նշեց Ամարյանը:

 

Քաղաքական ուժ-աղանդավորական կառույց համագործակցության հիմնական նպատակը, Ամարյանի խոսքով, ձայն հավաքելն է: Հայաստանում կան 200-230 հազար աղանդավորներ, ովքեր, ըստ Ամարյանի, 10 տոկոս ձայն կարող են ապահովել քաղաքական ուժերի համար:


«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնի» ղեկավարը նկատում է, որ այս համագործակցությունը դեռ նախորդ ընտրություններից է սկսվել:

 

«Աղանդավորական կառույցները ակտիվորեն մասնակցել են նախորդ ընտրություններին: Անծանոթ մի կուսակցություն հայտնվում է խորհրդարանում, դա արդեն նշանակում է, որ կրոնական կառույցները կարող են ցանկացած կուսակցության անցկացնել խորհրդարան»,-խորհրդավորությամբ եզրափակեց ասուլիսը Ալեքսանդր Ամարյանը: