Ռոբերտ Քոչարյանի ասածներում ինտրիգ չկար. Ստեփան Դեմիրճյան

13:02 • 04.05.12

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ երեկ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցին և ասաց, որ դրանում որևէ ինտրիգ չկար:
«Իրականում ոչ մի ինտրիգ չկար նրա ասածներում: Նա հասկանում է, որ իր խորհուրդները իրականում ոչ մեկի համար անհրաժեշտ չեն։ Ինքն էլ իր հարցազրույցի մեջ նշել էր, որ իր խորհուրդների կարիքը ոչ մեկ չունի»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:


Անդրադառնալով ՀՀ խորհրդարանական ընտրություններին, նա նշեց, որ ընտրարշավի ընթացքում դրական միտումներ տեսնում է միայն դրանց լուսաբանման մեջ:
«Ցավալի է, բայց՝ փաստ, որ ընտրակաշառքները գնալով ավելի մեծ թափ են առնում»,- ասաց ՀԺԿ նախագահը:
Ստեփան Դեմիրճյանը նաև նկատեց, որ մարզերում, գյուղերում վիճակը աղետալի է և երկրին անհրաժեշտ է համաչափ զարգացում։


«Մարդիկ, այնուամենայնիվ, ընտրություններից ակնկալիքներ ու հույսեր ունեն: Առաջին հերթին ակնկալում են, որ ՀԱԿ-ը հաղթի և իրենց ազատի այս իշխանություններից»,- ասաց Դեմիրճյանը:
ՀԺԿ նախագահը համոզված է, որ ՀԱԿ-ը ծանրակշիռ տեղ է ունենալու ապագա խորհրդարանում, ինչը, ըստ Դեմիրճյանի, ապացուցեց երեկվա ՀԱԿ հանրահավաքը:


«Մարդիկ հիասթափված են ընտրություններից, սակայն այս վերջին երկու շաբաթների ընթացքում որակական փոփոխություններ գրանցվեցին: Բայց պետք է նշեմ, որ արդար ընտրություններն ու այս իշխանություններն անհամատեղելի երևույթներ են»,- ասաց նա:


Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ին մրցակից է համարում բոլոր ութ քաղաքական ուժերին, սակայն հիմնական մրցակից տեսնում է ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ, նրա խոսքով, հենց այս կուսակցությունն է պատասխանատու երկրում ստեղծված իրավիճակի համար: