Սուդանները հաստատել են հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը»

12:43 • 04.05.12

Սուդանի իշխանությունները հավանություն են տվել Հարավային Սուդանի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», հայտնում է Associated Press գործակալությունը: Հինգշաբթի Աֆրիկյան միության առաջարկած` Սուդանների խաղաղ կարգավորման ծրագիրը հավանության էր արժանացրել նաև Հարավային Սուդանը:


«Ճանապարհային քարտեզով» կողմերը պարտավորվում են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ մինչև մայիսի 8-ը: Երեք ամիսների ընթացքում Խարտումն ու Ջուբան պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր: Մասնավորապես` որոշումներ են սպասվում սահմանազատման, քաղաքացիության, նավթահանման ու արտահանման հարցերի շուրջ:

 

Սուդանն Աֆրիկյան միության առաջարկած ծրագիրն ընդունել է ինքնապաշտպանության իրավունքի վերապահումով, եթե Հարավային Սուդանը շարունակի մարտական գործողությունները: Բացի այդ, Խարտումը համառորեն խորհուրդ է տվել հարավային հարևանին լքել վիճահարույց տարածքները:


Աֆրիկյան միությունը խոստացել է հակամարտող կողմերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, եթե նրանք չսկսեն բանակցությունները: Մայիսի 2-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տարածաշրջանում իրավիճակին նվիրված բանաձև էր ընդունել:

Հարավային Սուդանը Սուդանից առանձնացել է 2011-ի ամռանը: Այդ օրվանից մինչ այսօր նրանք պայքարում են նավթահանքերով հարուստ սահմանամերձ տարածքների համար: