Սիրիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է հայ թեկնածու
Սիրիայում մայիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նախորդ` 9-րդ գումարման խորհրդարանի անդամ, իրավաբան Սունբուլ Սունբուլյանը, գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը: Սունբուլյանն իր թեկնածությունն առաջադրել է որպես անկախ թեկնածու` Հալեպ քաղաքից:
«Եթե հաջողվի շահել ժողովրդի վստահությունը ու խորհրդարանի անդամ վերընտրվել, ապա կշարունակեմ անցյալում կիսատ մնացած աշխատանքները, մանավանդ` Հայաստան- Սիրիա բարեկամական խմբի շրջանակներում: Պետք է առավել զարգացնել հարաբերությունները, փոխանակվել փոխադարձ տեսակետներով ու փորձով, փոխայցելությունների թիվը կրկնապատկել»,- ասել է նա:
Ավելին, ըստ պատգամավորի թեկնածուի, փոխայցերը պետք է իրականացվեն բարձր մակարդակով: Կշարունակվեն Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները, ավելին` առավել մեծ թափ կստանան:
Ինչ վերաբերում է խորհրդարանական աշխատանքներին իր մասնակցությանը, ապա նա խոստացել է նույն պարտաճանաչությամբ ու նախանձախնդրությամբ շարունակել աշխատանքները: Նոր խորհրդարանը պետք է կարևոր հարցերի շուրջ օրենքներ ընդունի, որոնք կուղղվեն քաղաքացիների ապրելակերպի ու աշխատանքային պայմանների բարելավմանը, կպաշտպանեն սիրիական տնտեսությունն ու միջին խավը, որը սիրիական հասարակության ողնաշարն է, կվերականգնեն հանրության վստահությունը, կամրապնդեն քաղաքացիների ու պետության միջև կապը, կստեղծեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, նեցուկ կկանգնեն ընտանիքին` խրախուսելով նոր ընտանիքների ստեղծումը:
«Որպես իրավաբան` առաջիկա խորհրդարանում իմ լիարժեք ներդրումը պիտի ունենամ և չզլանամ վերը նշվածը համապատասխան օրենքներով ամրագրելու: Մանավանդ, որ նոր Սահմանադրության համաձայն` սիրիական բոլոր օրենքները 3 տարում պետք է բարեփոխվեն »,- ասել է հայ թեկնածուն:









