Տարոն Մարգարյանը հանդիպել է իտալական «Ռենկո»–ի և «Գուցինի–ի ներկայացուցիչների հետ

17:40 • 04.05.12

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իտալական «Ռենկո» ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինիի ու նրա ուղեկցությամբ հանդիպման եկած իտալական «Գուցինի» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

 

Ըստ Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Տարոն Մարգարյանը ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները` մատնանշելով այն ոլորտները, որոնք փոխանցելով մասնավորի կառավարմանը հնարավոր կդառնա առավել արդյունավետ կառավարում ապահովել:

 

Այս համատեքստում քաղաքապետը կարևորել է միջազգային մասնագիտացած ընկերությունների ներգրավումը, ինչը նախևառաջ կապահովի միջազգային չափորոշիչներով ծառայությունների մատուցում։

 

«Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մենք կարևորում ենք հատկապես պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որն, ըստ էության, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մայրաքաղաքի տնտեսության զարգացման և ենթակառուցվածքների արդիականացման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` նշելով հենց «Ռենկոյի» հետ արդեն երկար տարիներ ունեցած արդյունավետ համագործակցությունը:

 

«Ռենկո» ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինին բարձր է գնահատել քաղաքապետի մոտեցումներն ու իր հերթին ընդգծել է, որ իրենց ընկերությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ:

 

Ըստ այդմ «Ռենկոյի» տնօրենը նաև վստահեցրել է, որ «Գուցինի» ընկերությունը ևս կարող է լուրջ դերակատարում ունենալ Երևանի զարգացման ծրագրերի իրականացման հարցում` հընթացս դառնալով նաև վստահելի գործընկեր:

 

«Գուցինի» ընկերության նախագահ Ադոլֆո Գուցինին ևս` շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են և իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել զարգացման ծրագրերի իրականացման գործում:

 

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, Տարոն Մարգարյանը առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առաջարկվող ներդրումային ծրագրերը` այդ թվում ընկերության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրելով դաշտը, որի արդյունքում կնախապատրաստվի ներդրումային հստակ առաջարկի փաթեթը, որն առավել առարկայական կդարձնի համագործակցության եզրերը: