ԱՄՆ պատրաստ է ՀՀՊ հարցում փոխզիջման ՌԴ կողմից հնչած պատասխան քայլերի մասին հայտարարություններից հետո
ԱՄՆ-ն պատրաստ է կրկնապատկել ջանքերը Ռուսաստանի հետ հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ փոխզիջման հասնելու համար, Եվրոպական ՀՀՊ համակարգերի գործարկման դեպքում հակընդդեմ ռազմատեխնիկական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունից հետո, «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ` նման հայտարարություն է արել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները:
«Ես կարծում եմ, որ մենք կկրկնապատկենք փոխզիջում գտնելուն ուղղված ջանքերը ՀՀՊ հարցում և կձգտենք փոխըմբռնման: ՀՀՊ-ի հարցով համագործակցությունը ընթացքի մեջ է, և մենք մտադիր ենք տարիներ շարունակ պահպանել այն: Մենք պետք է շարունակենք փոխզիջման փնտրտուքը», - ասել է Տոները մեկնաբանելով Մոսկվայի հայտարարությունը:
ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը արդեն բազմիցս զգուշացրել է արևմտյան բանակցային գործընկերներին, որ եթե ՀՀՊ հարցով պայմանավորվածություն տեղի չունենա, ապա կհետևեն մի շարք պատասխան դիվանագիտական, ռազմատեխնիկական քայլեր, այդ թվում և Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» համակարգերի տեղակայումը:









