Արարատում «Մերսեդեսը» մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել է ծիրանենիների այգում. 1 զոհ, 1 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 4–ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 7.30–ի սահմաններում «Մերսեդես E320» մակնիշի 44 LL 344 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Երասխ ավտոճանապարհի 62կմ հատվածում, Արմաշ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհիի երթևեկելի գոտուց և մոտ 100 մ շրջվելով՝ հայտնվել է ծիրանենիների այգում։ Հարվածի արդյունքում պոկվել է նաև ճամփեզրին տեղադրված գազատար խողովակի հենասյունը։
Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ մեկ հոգի ծանր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որոնց ինքնությունը ոստիկանությունը փորձում է պարզել։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 33-ամյա Գարիկ Գզիրյանին պատկանող վարորդական իրավունքի վկայականը։
Գ. Գզիրյանի հետ, սակայն, դեպքի վայրում գտնվող Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքներն իրականացնում են հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ, արդեն զրուցել են նշված վարորդական իրավունքի վկայականի տիրոջ հետ, պարզվել է, որ նա մեկ օր առաջ մեքենան վստահել է ընկերոջը։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ազատ Ստեփանյանն է, ով երկու ամիս առաջ էր կալանավայրից ազատվել։
«Մերսեդեսի» մեջ հայտնաբերվել է նաև զինվորական համազգեստ։
Դեպքի վայր է կանչվել դիակ տեղափոխող ավտոբրիգադը, ինչպես նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի օպերատիվ քննչական խումբը։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Վեդիի քննչական բաժանմունքի քննիչ Արշակ Թարվերդյանը։
Ոստիկանները արդեն պարզել են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը. նա Աբովյան քաղաքի բնակիչ 20–ամյա Վահե Սարգսյանն է։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի









